«Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետ, քաղաքական PR–ի մասնագետ Էդգար Խաչատրյանի համոզմամբ` հանրաքվեների և համապետական ընտրությունների նախկին թեզը ներկա գործընթացներում չի աշխատի, ինչը իշխանությունն էլ շատ լավ գիտի։ Այստեղ, ըստ նրա, աշխատելու է ուղիղ ժողովրդավարության սկզբունքը։
«Այդուհանդերձ ժողովրդի որոշելու հանգամանքն օգտագործվելու է երկկողմանի։ Այո, ժողովուրդն է կատարելու ընտրություն, որպեսզի սահմանադրական փոփոխություններ լինեն, կամ չլինեն։ Իսկ եթե սկսվի «ոչ»–ի քարոզարշավը, դրա կողմնակիցներն էլ կներկայացնեն իրենց փաստարկները։ Չեմ կարծում, որ ԿԸՀ–ն իր հերթին մեծ անելիքներ ունի և այդ կառույցին ինչ–որ բանում մեղադրել չենք կարող, որովհետև վերջին համապետական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ընտրական գործընթացը մեզանում անցկացվում է քաղաքակիրթ պայմաններում»,– ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետը։
Խաչատրյանի կարծիքով`չկողմնորոշված զանգվածն ավելի շատ մարզերում է, Երևանում քարոզչական գործընթացը հիմնականում տարվում է ֆեսբուքյան հարթակում։ Մարդիկ համապետական ընտրություններին մասնակցում էին նաև այն պատճառով, որ գործընթացին որպես թեկնածու մասնակցում են իրենց ծանոթները, ընկերներն ու բարեկամները, մինչդեռ հանրաքվեի պարագայում անձի խնդիր չկա, ում համար պետք է գնան ընտրատեղամաս։
ՀՀ նախագահն արձագանքել է հանրաքվեի մասին մամուլում եղած հրապարակումներին
Փորձագետի դիտարկմամբ` երբ կա ընդամենը «այո»–ի և «ոչ»–ի խնդիր, մարդիկ ավելի քիչ են գնում ընտրության, հետևաբար քաղաքական PR-ի մասնագետն այս անգամ կանխատեսում է քիչ մասնակցություն։
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։ Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։