Բրիտանացիները փոթորիկն անվանել են «Սիարա», գերմանացիները` «Սաբինա»։ Այն ծառեր է տապալել, տանիքներ պոկել ու մարդկանց սպանել։
Մեծ Բրիտանիայում սա վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղ փոթորիկն է։ Դրա հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, խաթարվել է լաստանավային, ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը։ Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում մեկ օրում անձրև է տեղացել մեկուկես ամսվա նորմայի չափով, որոշ շրջաններում էլ ավելի քան 20 սանտիմետր ձյուն է եկել։
Փոթորիկը մի շարք եվրոպական երկրներում տրանսպորտային կոլապս է առաջացրել, իսկ British Airways–ի ինքնաթիռը ուժգին քամու շնորհիվ նոր ռեկորդ է սահմանել։ Այն Նյու Յորքից Լոնդոն է հասել 4 ժամ 56 րոպեում։ Երթուղին սովորաբար 6 ժամ 13 րոպե է տևում։