Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի բաժնի պետին

Դատախազությունն անդրադարձել է աղմկահարույց տեսանյութին, որում ոստիկանները ցուցմունք են կորզում բռնություն գործադրելու միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հայտնի է` ումից են ոստիկանության ծառայողները մահակով ու բռնությամբ ցուցմունք կորզել. ՀՔԾ

«Որոշվել է նրան որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցանքն առերևույթ կատարվելու պահին դեռևս ՀՀ քրեական օրենսգրքում առկա չէր 309.1 հոդվածը): Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ. փետրվարից 2010թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Չեն յուրացրել, չարաշահել են. Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են

2008թ. նոյեմբերի սկզբին, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս և այլ աշխատակիցների մասնակցությամբ Ն. Ս.-ն՝ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ:

Երբ վերջինը հերքել է դեպքի հետ առնչությունը, մինչև հաջորդ օրը շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով և մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Մահակով ցուցմունք կորզելու աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2008-10թթ. ընթացքում. ՀՔԾ պետ

Նախաքննությունը շարունակվում է: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

Հիշեցնենք` անցած տարվա նոյեմբերի 23–ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում
մի տղամարդուց։

2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։

Նշենք նաև, որ 309-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի այն գործողությունների համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, ընդ որում` պաշտոնատար անձն այդ արարքն արել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։

Գեղարքունիքում քրեական հեղինակությունների են «ասֆալտին փռել». տեսանյութ