Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում բազմակիլոմետրանոց խցանումը, թվում է, վերջ չունի։ Մասնավոր բեռնափոխադրումներ իրականացնող Արթուրը տարբեր ընկերությունների հարյուրավոր աշխատողների հետ արդեն չորրորդ օրն է՝ «ձյան գերության» մեջ է Վրաստանում՝ Հայաստանից Ռուսաստան ճանապարհին։
Կոբի-Գուդուարի հատվածը փետրվարի 7-ից փակ է ձնահոսքի վտանգի պատճառով։ Ճանապարհը սկսել են մաքրել միայն փետրվարի 10-ին, երբ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ վտանգը վերացել է։ Բայց Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը դեռ չի վերականգնվել։
«Նորությունների ենք սպասում։ Լավ է, որ արդեն սկսել են մաքրել ճանապարհը», - Sputnik Արմենիային ասաց Արթուրը։
Նա Երևանից դուրս է եկել մի քանի օր առաջ և, չնայած եղանակի անբարենպաստ կանխատեսմանը, հույս է ունեցել, որ եթե անգամ մնա ճանապարհին, ապա երկար չի տևի։ Թեև վառելիքն արդեն վերջանալու վրա է, բայց Արթուրը չի հուսալքվում․ եթե առավոտյան ճանապարհը բացեն, կհասնի Վլադիկավկազ և այնտեղ արդեն կկարողանա լիցքավորել մեքենան։
Արթուրի հետ հարցն ավելի մանրամասն քննարկել չհաջողվեց․ կա՛մ նրա հեռախոսը լավ չէր աշխատում, կա՛մ էլ Վրաստանի լեռներում է կապը վատ։
Խոշոր ընկերությունների ներկայացուցիչների դեպքում, ի տարբերություն մասնավորների, ավելի հեշտ է։ Նրանք ճանապարհ են ընկնում՝ հաշվի առնելով եղանակի քմահաճույքները։
«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց փոխադրողները բախվում են վառելիքի պակասի խնդրին։
«Մեր մեքենաներն արդեն չորրորդ օրն է՝ կանգնած են սահմանին։ Մեզ մոտ վարորդի խցիկն առանձին է տաքացվում։ Բեռնատարները մեկնում են լիքը բաքով։ Դիսպետչերը հեռավորության վրա հետևում է բեռնատարներին, տեսնում՝ որքան վառելիք է մնացել», - պարզաբանեց Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ վրացական կողմը մաքրում է ճանապարհը, նշանակում է` երթևեկությունը շուտով կվերականգնվի։
Վրաստանի օգնությունը
Վրաստանի իշխանությունը հնարավորության սահմանում փորձում է հեշտացնել վարորդների և ուղևորների վիճակը։ Ավելի վաղ Դուշեթի շրջանի վարչական կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ ճանապարհին մնացած մոտ 300 քաղաքացիները ստացել էին տաք ուտելիք, թեյ, հաց և ջուր։
«Մենք նախորդ շաբաթ էլ ենք օգնություն կազմակերպել», - ասաց Դուշեթի շրջանի վարչական կենտրոնի ղեկավար Զուրաբ Սեխնիաշվիլին Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ թեև իրավիճակն ընկճող է, բայց ոչ ծայրահեղ։ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնեցին, որ հնարավոր է` հենց այսօր էլ երթևեկությունը բացվի տրանսպորտի բոլոր տեսակների համար։
Ամբողջ հույսն արդիականացո՞ւմն է
Խնդիրը կարող է լուծվել, երբ ավարտվի Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի արդիականացման գործընթացը։ Վրաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ հիմա այդ հատվածում աշխատանքն ընթանում է փուլերով, շատ բան արդեն վերականգնվել է կամ կառուցվել։
Բայց շինարարները դեռ չեն հասել ճանապարհի ամենավտանգավոր հատվածին՝ Կոբի-Կվեշետիին։ Հենց այնտեղ է ամենից հաճախ առաջանում ձնահոսքի վտանգը, ուստի ձմռանն այն գրեթե փակվում է։ Այդ հատվածի արդիականացումը Վրաստանի իշխանությունների խոշոր նախագծի մասն է, ըստ որի նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել կառուցել, որոնցից մեկն էլ`9-կիլոմետրանոց թունելը` Կրեստովի լեռնանցքի տակ։
«Այդ ճանապարհը գրեթե միակն է ներկա պայմաններում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքներ առաքելու համար։ Լարս տանող ճանապարհը միշտ կապված է եղել եղանակային ռիսկերի հետ։ Խորհրդային շրջանում այդ ճանապարհը նոյեմբերի 15-ից մինչև ապրիլ միշտ փակ է եղել», - ասաց Ցիպուրիան Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ փոխադրողները կարող են հանգիստ շունչ քաշել միայն Վրաստանի իշխանությունների նախաձեռնած նախագծի ավարտից հետո։ Ամեն տարի հայ բեռնափոխադրողները «Վերին Լարս» հսկիչ անցակետով առնվազն 10 հազար երթ են կատարում երկու ուղղությամբ։
Որպեսզի ընդհանարապես խնդիրներ չառաջանան, ճանապարհի շինարարությունից բացի անհրաժեշտ է նաև ընդլայնել «Վերին Լարսի» թողունակությունը։ Առայժմ անցակետը կարող է ամեն օր սպասարկել մոտ 4 հազար մարդու և մինչև 200 բեռնատար։ Իսկ դա ակտիվ սեզոնին բավական չէ։