ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկած Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի տասը ըմբիշներից առաջինը գորգ դուրս եկավ Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային կարգում հայ ըմբիշը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ շվեյցարացի մրցակցի նկատմամբ:
Շվեյցարացու հետ գոտեմարտում Չալյանը ֆավորիտ էր: Հաշվի մեջ առաջ անցնելով հինգ միավորով`Չալյանը զարգացրեց հաջողությունն ու ժամանակից շուտ հաղթանակ տարավ 11:2 հաշվով: Հաջորդ գոտեմարտում Չալյանի մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեշն էր:
Դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը կամային հաղթանակ տոնեց: Առաջին մրցափուլից հետո Չալյանը պարտվում էր 0:1 հաշվով, բայց երկրորդ մրցափուլում մեր ըմբիշը կարողացավ երեք միավոր վաստակել ու, հաղթելով 3:1 հաշվով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Չալյանի մրցակիցը բելառուս Պավել Լյախն էր: Հայ ըմբիշը գոտեմարտի հիմնական ժամանակահատվածում իր կամքն էր թելադրում մրցակցին ու 5։2 հաշվով կարողացավ տոնել երրորդ հաղթանակը մրցաշարում` ընդհուպ մոտենալով Եվրոպայի առաջնության մեդալին:
Տոնելով երեք հաղթանակ` Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հայ ըմբիշի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը:
55կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում մրցեց 2018 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ: Հաղթեց ավելի փորձառու մրցակիցը՝ 7:1 հաշվով:
63կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանն իր առաջին գոտեմարտը մրցաշարում անցկացրեց վրացի Լևանի Կավչարաձեի հետ: Վրացի ըմբիշն անհամեմատ ակտիվ էր ու ժամանակից շուտ հաղթանակ տարավ 8:0 հաշվով:
87կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը առաջին գոտեմարտում նույնպես Վրաստանի ներկայացուցիչն էր: Թոռնիկե Ջամաշվիլին առաջինը հնարավորություն ստացավ պարտերից աշխատելու և վաստակեց երեք միավոր: Գոտմարտի երկրորդ մրցափուլում Մանուկյանը շատ լավ շանս ուներ կորցրածը հետ բերելու, բայց վաստակեց միայն մեկ միավոր ու պարտվեց 1:3 հաշվով:
Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ
Գերծանր քաշային կարգում Դավիթ Հովասափյանն առաջին գոտեմարտում ուժերը չափեց ադրբեջանցի Սաբահ Շարիաթիի հետ: Հաջողությունն ուղեկցեց ադրբեջանցուն, նա հաղթեց 3:0 հաշվով:
Այսպիսով` հայ հինգ ըմբիշներից միայն Կարապետ Չալյանն է շարունակում պայքարը ոսկե մեդալի համար: Մյուսները սփոփիչ գոտեմարտերի իրավունք կստանան, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել
Վաղը պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67կգ քաշային Կարեն Ասլանյանը, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը, 82կգ քաշային Ռուբեն Ղարիբյանն ու 97կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Նշենք, որ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։