Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Չարժե կարծել, որ հանրաքվեի դրական արդյունքն արդեն իշխանությունների գրպանում է։ Կան մի քանի գործոններ, որոնք բարդացնում են նրանց խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին Հայաստանի իշխանությունը պետք է մոբիլիզացնի հասարակությանը։ Հաշվի առնելով, որ հասարակական զանգվածների ընկալման մեջ թեման այդքան էլ այժմեական չէ, հիմա հեշտ չի լինել լուծել խնդիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Ես կառաջարկեի ընդհանրապես ՍԴ–ն վերացնել». ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին ստորագրեց ապրիլին 5-ին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, որը մինչ այդ` փետրվարի 6-ին, ընդունել էր Ազգային ժողովը։

Բաղդասարյանը հեռու է այն մտքից, որ հանրաքվեի դրական արդյունքն արդեն իշխանությունների գրպանում է։ Կան մի քանի պատճառներ և գործոններ, որոնք բարդացնում են խնդիրը։

«Օրինակ` ի տարբերություն ԱԺ ընտրությունների, որտեղ ընտրում են իշխող քաղաքական ուժին, իսկ հետո էլ կառավարությանը, հանրաքվեն, որի նպատակն է պաշտոնից ազատել Սահմանադրական դատարանի նախագահին, պակաս կարևոր հարց է շարքային քաղաքացիների տեսանկյունից։ Նման դեպքերում մասնակցությունը մեծ չի լինում», - ասաց Բաղդասարյանը։

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակել է «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: Այս փոփոխությունը չի վերաբերի ՍԴ 9 դատավորներից միայն երկուսին ՝ Վահե Գրիգորյանին ու Արմեն Դիլանյանին։

Ավետիսյան. «Հանրաքվեն «Իմ քայլի» համար պատասխանատվությունից խուսափելու պատրվակ է»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Թովմասյանը «չպետք է լինի» ՍԴ ղեկավար։ Նա վստահ է, որ Թովմասյանն ընտրվել է անօրինական ճանապարհով, ուստի պետք է հեռանա։ ՍԴ նախագահի շուրջ համախմբվել են Փաշինյանի գրեթե բոլոր ընդդիմախոսները։

Քաղաքագետի կարծիքով՝ կձևավորվի «Ոչ» հատուկ շտաբ և ճակատ։ Նրանք կլինեն հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ֆինանսական և տեղեկատվական ահռելի ռեսուրսներ ունեն։

«Կասկած չկա, որ նրանք կսկսեն ակտիվ հակաքարոզչություն՝ գործարկելով իրենց բոլոր նյութական և քարոզչական ռեսուրսները», - ասում է Բաղդասարյանը։

Այդ պայմաններում երկրի ղեկավարությունը պետք է կարողանա բացատրել հասարակությանը և հիմնավորել, որ հարցը ոչ միայն և ոչ այնքան Սահմանադրական դատարանն է, այլ 2018թ-ի «թավշյա հեղափոխության» արդյունքներն ու գաղափարներն ամրագրելը։ Եթե կարողանան համոզել, ապա քվեարկության ժամանակ ակտիվությունը մեծ կլինի։

«Հակառակորդները կձգտեն, որ հնարավորինս շատ քաղաքացիներ բոյկոտեն քվեարկությունը։ Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է, որ քվեարկի առնվազն 650 հազար մարդ։ Հետևաբար ընդդիմության համար բավական է քաղաքացիներին հետ պահել քվեարկությանը մասնակցելուց», - ասաց մեր զրուցակիցը։

Ինչի համար է հանրաքվեն, և որն է Վահե Գրիգորյանի խաղաքարտը. փաստաբանը բացել է փակագծերը

Փորձագետը նշեց, որ արդեն հիմա ընդդիմադիրների շուրթերից կանխատեսումներ են հնչում հանրաքվեի արդյունքներն անխուսափելիորեն կեղծելու մասին։ Դա արվում է, որպեսզի հետո փորձեն սահմանադրական փոփոխություններն անօրինական ներկայացնել։

Անդրադառնալով վարչապետի` ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու դրդապատճառներին` Բաղդասարյանը նշեց, որ Փաշինյանի բացատրություններն անկեղծ են։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի խաբում, երբ ասում է, որ Թովմասյանի ընտրությունը խախտումներով է եղել։

Ինչ վերաբերում է նախագահի դիրքորոշմանը, ապա, Բաղդասարյանի կարծիքով, Արմեն Սարգսյանը բավական հետաքրքիր տեսակետ է ներկայացրել իր վերջին հարցազրույցում։ Նախագահը քողարկված ձևով կոչ է արել կառավարությանը նայել իրականության աչքերին։

«Իսկապես, հանրաքվեն պետք է դրական գնահատել այն առումով, որ թույլ կտա իշխող թիմին հրաժարվել դեռևս գոյություն ունեցող էյֆորիայի մնացորդներից և նորովի նայել իրականությանը, համապատասխան հետևություններ անել», - ենթադրում է փորձագետը։

Անցած շաբաթ «Մեդիամաքս» գործակալությանը, «Առավոտ» թերթին և «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր, որ հանրաքվեն ծայրահեղ միջոց չէ: Նրա խոսքով՝ ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը, 21-րդ դարում սա շատ արժեքավոր է: Նախագահը նշել էր, որ ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: