Բադասյանը հանրաքվեի թեմայով խոսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ արդարադատության նախարարն ասել է, որ հայկական կողմն ուզում է Եվրոպայի խորհրդի հետ շարունակել սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ` կապված Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձությունների հետ։ Նախարարն այս մասին գրել է Facebook-ի իր էջում։ 

«Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի և հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,–գրել է Բադասյանը:

Հիշեցնենք`կիրակի`փետրվարի 9–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը, համաձայն որի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձավ ՀՀ նախագահի որոշմանը։

«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին հեղափոխությանը ասում ենք «այո», ազատությանը ասում ենք «այո», ապագային ասում ենք «այո» և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»,–գրել էր նա։

Ավելի ուշ Փաշինյանը նաև հայտարարությամբ հանդես եկավ և, դիմելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, առաջարկեց ապրելի 5–ին Հայաստան գալ և կատարել քաղաքացիական պարտքը։

«Օպերա լսեք, հանգստացեք». Նիկոլ Փաշինյանը խոսեց նախագահի որոշման մասին

Ղազարյան. «Բուքիքիոյի կարծիքը խորհրդատվական է, բայց դրա հետ պետք է հաշվի նստել»

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Հիշեցնենք նաև, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն փետրվարի 3–ին անդրադարձել էր Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և իր մտահոգությունները հայտնել։

Իսկ ավելի ուշ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները ՀՀ իշխանություններին կոչ էին արել Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով: