ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին լուրերին և նշել, որ դրանց թիվն իրականում մեծ չէ։
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%»,- գրել է նա:
Փոխքաղաքապետի խոսքով` բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկությամբ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:
«Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»,- հավաստիացրել է նա:
ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ այսօրվա տվյալներով` սուր շնչառական վարակները չեն կարող մեծաթիվ բացակայությունների պատճառ լինել։
«Հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունները կազմել են 3,8%: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ։ Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտր»»,- հայտնեցին նախարարությունից:
Ըստ առողջապահության նախարարության՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր քաղաքներում «խոզի գրիպի» բռնկման մասին լուրեր էին շրջանառվում: Հաղորդվում էր, որ դպրոցի երեխաներին տուն են ուղարկել «խոզի գրիպի» ախտանիշների պատճառով։ Շրջանառվող լուրերին արձագանքել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը գրել էր, որ Հայաստանում խոզի, թռչնի կամ դինոզավրերի գրիպ գոյություն չունի և չի կարող լինել:
Հայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները. մարդիկ չեն շտապում պատվաստվել
Սեզոնային գրիպից պաշտպանվելու համար նախարարը խորհուրդ էր տվել պատվաստվել, ինչպես նաև պահպանել ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, պահպանել անձնական հիգիենան և հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին։