ՀՀ պաշտպանության փոխնախարարը հերքել է ORSIS-ի ներկայացուցչի մեղադրանքները

Ղամբարյանի փաստաբանը կարծում է, որ ռուսական ընկերության ներկայացուցչի հայտարարությունները զրպարտում են իր պաշտպանյալի բարի համբավը։ Նա պատրաստվում է դատարանում արդարության հասնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանի փաստաբան Ալբերտ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալն անօրինական գործողություններ չի իրականացրել ռուսական ընկերության նկատմամբ։

Փետրվարի 3–ին հայտնի էր դարձել, որ Հատուկ քննչական ծառայությունը նոր քրգործ է հարուցել ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստան զենք առաքելու տենդերը տապալելու գործի շրջանակում։

«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրած հրացանը գրանցվել է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունով:

Ղամբարյանի փաստաբանը նշեց՝ քննություն է ընթանում, ու մի շարք հանգամանքներ դեռ չպետք է բացահայտվեն։

«Քրեական դատավարության օրենսգիրքն ինձ թույլ չի տալիս նախաքննության վերաբերյալ որևէ տվյալ հրապարակել», - ասաց Սիմոնյանը։

Փաստաբանի խոսքով՝ ճիշտ չի լինի, որ ինքը որևէ դիրքորոշում արտահայտի, իսկ փոխնախարարի դիրքորոշումը հետևյալն է՝ նա ոչ մի ապօրինի գործողություն չի արել։

 «Ալեքսանդր Սիրունյանի դեմ հայցադիմում է ներկայացվել զրպարտության մասով։ Ակնհայտ է, որ փոխնախարարն ընդհանրապես համաձայն չէ այդ որոշման հետ։ Մեր կարծիքով՝ այդ ամենը զրպարտում է փոխնախարարի բարի համբավը», - ասաց Սիմոնյանը Սիրունյանի հայտարարությունների վերաբերյալ։

Հայցադիմումը ներկայացվել է երկու օր առաջ, ու, Սիմոնյանի խոսքով, դեռ վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություններ չունեն։

ORSIS–ում առաջընթաց են տեսնում Հայաստան զենք առաքելու ձախողված տենդերի հարցում

Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։