Ադրբեջանագետի կարծիքով՝ մեզ մոտ կա ֆիքսվածություն ներքին գործընթացների վրա, որովհետև իրադարձությունները Հայաստանում զարգանում են շատ արագ, տեղեկատվական առօրյան այնքան հագեցած է, որ ուղղակի շատերը չեն հասցնում հետևել, թե առհասարակ ինչ է կատարվում Ադրբեջանում:
«Մյուս կողմից չկա քարոզչական ռազմավարություն՝ ինչպե՞ս լուսաբանել, ի՞նչ անել, ինչպե՞ս մոտենալ գործընթացներին: Մինչդեռ նախընտրական փուլում և դրանից առաջ էլ, երբ հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, սկսվեցին վերադիրքավորումներ , ինչ-որ թիմեր մրցեցին մեկմեկու դեմ, շատ լավ պահ էր, որպեսզի ներազդեինք իրենց հանրության վրա, քարոզչական թեզերով մտնեինք խաղի մեջ, սակայն ցավոք սրտի այդ քարոզչական մեսիջները մինչ օրս չկան»- ափսոսանքով նշում է ադրբեջանագետը:
Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ եթե ենթադրենք, որ անգամ կա պայմանավորվածություն այդ ամենին չմիջամտելու, ապա Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է այդ պայմանավորվածությունը, որովհետև նրանց ԿԸՀ-ն դիմում է Արցախի հայերին: Ադրբեջանը երբեք որևէ պայմանավորվածություն չի պահպանելու, թեև ադրբեջանագետը թերահավատորեն է վերաբերվում այն հարցին, որ կարող էր հայկական ու ադրբեջանական վերնախավերի միջև լինել նման պայմանավորվածություն:
«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն անընդհատ փորձում է իր քարոզչական մեսիջներով ներազդել մեր հասարակության վրա՝ կիրառելով տարբեր մեթոդներ։ Հետևաբար, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք մեր հերթին հակադարձելու առումով բաց թողեցինք վերջին երկու ամիսը: Խիստ կասկածում եմ, որ մենք անգամ ապագայում կմշակենք այդ թեզերը: Ցավոք ոչ ոք առանձնապես դրան կարևորություն չի տալիս»,- տարակուսում է ադրբեջանագետը:
Մեհրիբան Ալիևան խաղի մեջ է մտնում իր աճեցրած լավ կրթված երիտասարդներով. Էլիբեգովա
Անժելա Էլիբեգովայի դիտարկմամբ՝ եթե խոսում են այն մասին, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, ապա պետք է ադրբեջանական հասարակության վրա ներազդել քարոզչական այնպիսի մեթոդներով, որ նա հարմարվի մեզ հաճո տարբերակին:
Ըստ ադրբեջանագետի՝ հիբրիդային պատերազմ ասվածը հենց դա է, հիբրիդային պատերազմը նաև հակառակորդին քո կարծիքին ընտելացնելն է։