ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։
«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին հեղափոխությանը ասում ենք «այո», ազատությանը ասում ենք «այո», ապագային ասում ենք «այո» և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»,– գրել է նա։
Գրառումից րոպեներ անց Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում իր հետևորդներին օպերային երաժշտություն հրամցրեց` հավանաբար նախագծից դժգոհողներին հանգստացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը, համաձայն որի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ավելի ուշ Փաշինյանը նաև հայտարարությամբ հանդես եկավ և, դիմելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, առաջարկեց ապրելի 5–ին Հայաստան գալ և կատարել քաղաքացիական պարտքը։
Փաշինյանը սփյուռքահայերին խորհուրդ տվեց օգտվել էժան ավիատոմսերից և տոմսերն ամրագրել հենց այսօրվանից։