Զանգվածային անկարգություններ Ղազախստանում, զոհեր ու վիրավորներ կան. տեսանյութ

Ծեծկռտուքի մասնակիցները հրաժարվել են ենթարկվել ոստիկաններին։ Գործի են դրվել մետաղական իրեր, քարեր և զենք։ Երկրի նախագահն է արձագանքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ղազախստանի Ժամբիլի մարզի Մասանչի գյուղում ուրբաթ լույս շաբաթ գիշերը զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Երլան Տուրգումբաևը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ միջադեպի հետևանքով 8 մարդ է մահացել, 40-ը` տուժել։ Վիրավորների թվում նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ կան։

Նշվում է, որ սկզբում զանգվածային ծեծկռտուք է սկսվել Մասանչի գյուղում, որին մասնակցել է 70 բնակիչ։ Հետո նրանց են միացել ևս 300 մարդ այլ գյուղերից։

Դեպքի վայր են ժամանել շրջանի ներքին գործերի բաժնի աշխատակիցները։ Անկարգությունների որոշ մասնակիցներ տեսագրություններ են հրապարակել սոցցանցերում։

Տեղեկության համաձայն` այդ հանգամանքն ավելի է սրել կոնֆլիկտը և ավելացրել ծեծկռտուքի մասնակիցների քանակը։ Հարյուրավոր մարդիկ միացել են հարևան բնակավայրերից։

Հասարակական կարգն ապահովելու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկել Մասանչի։ Ծեծկռտուքի մասնակիցները դիմադրել են ոստիկանության աշխատակիցներին` հրաժարվելով կատարել նրանց օրինական պահանջները։ Գործի են դրվել մետաղական առարկաներ, քարեր և զենք։ Անկարգությունները հասել են Աուխատի և Բուլան Բատիր գյուղեր։

Նախնական տվյալներով` խուլիգանության և հրկիզման հետևանքով վնասվել է ավելի քան 30 մասնավոր տուն, 15 առևտրային օբյեկտ, 23 մեքենա:

Ինչպե՞ս կարող են միմյանց օգնել հայկական և ռուսական բիզնեսները. պարզաբանում են փորձագետները

Ճանապարհներին արգելապատնեշներ են տեղադրվել։ Կոնֆլիկտն արդեն տեղայնացվել է, ձերբակալվել է 47 մարդ, նրանցից առգրավվել է որսորդական երկու հրացան:

Կատարվում է դեպքի վայրի զննություն: Օպերատիվ–քննչական խումբ է ձևավորվել:

Թե ինչն է եղել զանգվածային անկարգությունների պատճառը, այս պահին հստակ հայտնի չէ։ Որոշ տեղեկություններով` ամեն ինչ սկսվել է կենցաղային վեճից։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ՝ հանձնարարելով ստեղծել կառավարական հանձնաժողով ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Պետության ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և կարգադրել է օգնել հուղարկավորությունների կազմակերպման գործում:

Չինաստանից տարհանված հայաստանցին կմնա՞ Ղազախստանում, թե՞ կգա ՀՀ. հարցը դեռ քննարկվում է