Տեսա դասընկերոջս, ամուսնացա ուրիշի հետ. հավատա՞լ, թե՞ ոչ Սուրբ Սարգսի բերած երազին

Հայ Առաքելական եկեղեցին դեմ չէ ժողովրդական ավանդույթներին, բայց պատարագին մասնակցելը պարտադիր պայման է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik, Էմմա Միքայելյան. Այսօր առավոտյան Հայաստանում ոմանք խիստ ծարավ, բայց շատ երջանիկ արթնացան, մյուսները` որքան ծարավ, նույնքան էլ հիասթափված։

Սուրբ Սարգսի տոնն ու կախարդական երազը. հավատո՞ւմ են երևանցիներն աղի բլիթի ուժին. տեսանյութ

Խոսքն, իհարկե, նրանց մասին է, ովքեր Սուրբ Սարգսի գիշերը քնելուց առաջ աղի բլիթ էին կերել` հույսով, որ երազում կտեսնեն իրենց ընտրյալին, ու գուցե դա կլինի հենց նա, ում կուզեին տեսնել։

Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ

Աղի բլիթով գուշակություններ անելու ժողովրդական ավանդույթը Հայաստանում լայն տարածում ունի, բայց երազները միշտ չէ, որ իրականանում են, թեև լինում են նաև այդպիսի դեպքեր։

Տիկին Աննան հիշում է, որ երիտասարդ տարիներին 5 տարի անընդմեջ երազում դասընկերոջն է տեսել, բայց ամուսնացել է ուրիշի հետ։ Դրա համար էլ համոզված է` Սուրբ Սարգսի տոնի գիշերը երազում տեսնում ես ոչ թե նրան, ում դու ես սիրում, այլ նրան, ով ինքն է քեզ սիրում:

Արևիկն էլ պատմում է, որ երազում իսկապես տեսել է նրան, ում սիրել է:

«Երբ առաջին անգամ աղի բլիթ եմ կերել, տեսել եմ մեր հարևանի տղային։ Մեկ տարի հետո ամուսնացել եմ նրա հետ»,– ասում է երիտասարդ կինը։

Աղի բլիթ ուտելուց բացի Հայաստանում Սուրբ Սարգսի տոնի հետ կապված մեկ այլ ավանդույթ էլ է եղել, որը պահպանվել է հիմնականում գյուղերում։

Աղի բլիթ կամ սուրբ գիշերվա երազը

Սիրահարների ազգային տոնի` Սուրբ Սարգսի 5 առանձնահատկությունները

Փետրվարի 7-8-ի գիշերը տան տանիքում կամ պատշգամբին փոխինդ էին դնում` հավատալով, որ Սբ. Սարգիսը գիշերն իր առասպելական ձիով անցնելու է դրա վրայով ու թողնի ձիու պայտի հետքը: Ում փոխինդի վրա առավոտյան պայտի հետք էր հայտնաբերվում, նրան մեծ հաջողություն էր սպասվում:

Այսօր շատերը գտնում են, որ այս գուշակությունները քրիստոնեական հավատքին դեմ են ու չեն ընդունում դրանք, ոմանք էլ, քրիստոնյա լինելով հանդերձ, դեմ չեն աղի բլիթ ուտելուն ու ապագա ընտրյալին երազում սպասելուն։

Հարցի պատասխանն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանին։ Հոգևորականը նշեց, որ Սուրբ Սարգսի տոնի արմատները քրիստոնեական են, և այն կապված է մանուկ Հիսուսի 40-րդ օրվա հետ։

«Այսօր Սուրբ Սարգսի տոնը համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթն ու փոխինդը ժողովրդական սովորույթներ են,տոնը հավելելու համար են»,– ասաց Արթենյանը` նշելով, որ եկեղեցին դեմ չէ ժողովրդական ավանդույթների պահպանմանը, եթե դրանք չեն խախտում քրիստոնեության հիմքերը։

Սարգիս զորավարը եկեղեցական գրականության մեջ հիշատակվում է որպես սուրբ, որն օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել:

Տոնը, ինչպես նշված է Հայ Առաքելական եկեղեցու qahana.am պաշտոնական կայքում, առանձնակի նշանակություն ուներ հատկապես երիտասարդների համար, ովքեր գիտեին, որ «մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ է հատկապես իր պահքը պահողների նկատմամբ»: Ուստի պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ միայն երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան:

Սուրբ Սարգիսը` ոչ միայն սիրահարների համար

Փողկապով էշը, զորամասի ընկերները, փիղն ու Վարդան Մամիկոնյանը. աղաբլիթային պատմություններ

Եթե բաժակի ջուրը լիքն էր լինում, հավատում էին, որ երկար և երջանիկ համատեղ կյանք են ապրելու:

Իսկ աղաբլիթն, ըստ ավանդույթի, թխում էին գերդաստանի բազմազավակ և երջանիկ մայրերը: Որոշ բնակավայրերում տոնի առավոտյան աղջիկները խմբվում էին մեկի տանը, միմյանց պատմում տեսած երազը, կիսում ուրախությունն ու բարեմաղթում երազի բարի կատարում, ապա ճաշակում օրվա ուտեստը: Աղջիկները տանիքին փոխինձից պատրաստված գնդեր էին դնում և հետևում, թե երբ պիտի թռչունները մոտենան և կտցահարեն: Ապա թռչնի թռած ուղղությամբ փորձում էին հասկանալ, թե իրենց ապագա փեսացուն որ կողմերից է լինելու:

Սուրբ Սարգսի տոնին նաև շատ տարածված էին ուխտագնացությունները: Սրբավայրերում մոմ էին վառում, աղոթում, մատաղ անում, ճաշակում տոնական ուտեստները:

Ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից էր Ուշիի Սբ. Սարգիս վանքը, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են սրբի մասունքները:

Վալենտին VS Սուրբ Սարգիս. ո՞րն է ավելի հոգեհարազատ հային