Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ նախագահ Թրամփը երկար ժամանակ օգտագործում էր այն թեզը, որ Հանրապետական կուսակցությունը միասնական է, և որևէ ճեղքվածք լինել չի կարող, որովհետև Թրամփի աջակցության ցուցանիշը 98 տոկոս էր: Այդուհանդերձ, ստացվեց այնպես, որ բավականին հայտնի հանրապետական սենատորներից մեկը հոդվածներից մեկով կողմ քվերակեց իմպիչմենտին: Դրան հակառակ, Ներկայացուցիչների պալատում էլ կոնգրեսականներից մեկը նույնիսկ փոխեց կուսակցությունը, որպեսզի կողմ չքվեարկի ու դարձավ հանրապետական:
«Նախապես արդեն ասել էի, որ սա շատ հավանական սցենար էր, և Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցածը չէր կարող կրկնվել Սենատում, որտեղ մեծամասնությունը հանրապետականներ են: Փաստորեն, նախորդ շաբաթը բավականին հաջողված էր Թրամփի համար. նա լուրջ հաղթանակներ ունեցավ, այդ թվում նաև իմպիչմենտի հարցում»,- նշում է քաղաքագետը:
Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ թեև փորձում էին հանրությանը ցույց տալ, որ Թրամփը խախտումներ է կատարել և պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն նա մեծ հաշվով արդարացվեց, և նրա դեմ հարուցված գործընթացը չօգնեց ոչ միայն դեմոկրատական կուսակցությանը, այլև դեմոկրատ թեկնածուներին. Թրամփն ունի վերընտրվելու բոլոր հնարավորությունները:
Նույնիսկ իմպիչմենտի ֆոնին Թրամփի վարկանիշը չի ընկել. Սուրեն Սարգսյան
«Կարծում եմ, որ Թրամփը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի մոտավորապես նույն հարաբերակցությամբ, ինչպես հաղթեց Հիլարի Քլինթոնին: Բայցևայնպես, շատ բան կախված է դեմոկրատ թեկնածուներից, նրանց ծրագրերից ու նախընտրական արշավից: Դեռ պրոցեսներ կան, և խմորումները շարունակվում են»,- նշում է քաղաքագետը:
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործով հետաքննություն հարուցվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռուստատեսային ելույթում հայտարարել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման պաշտոնական հետաքննության մեկնարկի մասին։
«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել
Հետաքննությունը հայտարարվել է անանուն հաղորդագրությունից հետո, որում նշվում էր, որ նախագահ Թրամփը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքննել ուկրաինական գործարար հարաբերությունները Ռոբերտ Հանթերի՝ 2020 թվականի նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդու հետ 2019 թվականի հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
Թրամփի վարչակազմը հրապարակել է այդ հեռախոսազանգի խմբագրված սղագրությունը, որը հաստատել է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն լուծել Բայդենի շուրջ վեճը։