Մանվել Մարգարյան, Sputnik Արմենիա
Երևանի «Սպարտակի» պաշտպան Գրիգոր Համբարձումյանը և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Վյաչեսլավ Համբարձումյանն ընդգրկվել էին Խորհրդային Միության հավաքականի կազմում, որն իր հերթին անցկացնում էր ծանրաբեռնված ուսումնամարզական հավաքներ՝ պատրաստվելով 1962թ.-ի աշխարհի յոթերորդ առաջնությանը: Այս ֆուտբոլիստներն իսկապես բարձրակարգ վարպետներ էին: Գրիգոր («Գելո») Համբարձումյանը լեգենդար թիմակիցներ Սարգիս Հովիվյանի, Մանուկ Սեմերջյանի, Սերգեյ Զատիկյանի և մյուսների հետ համարվում էր հայ ֆուտբոլասերների կուռքը՝ վայելելով նրանց անսահման սերն ու համակրանքը:
Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք
Գրիգոր Համբարձումյանը բարձրակարգ խաղի շնորհիվ ընդգրկվեց ԽՍՀՄ-ի լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում և շուտով արժանացավ ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը: Գլխապտույտ և ակրոբատիկ կասկադների համար հանդիսականները նրան կոչում էին «Օդային արքա», թեև Համբարձումյանն ուներ նաև համաժողովրդական մականուն՝ «Գելո» («Հպարտ գայլ»), որը ստացել էր արիության ու տոկունության համար: Հրաշալի խաղում էր գլխով և այդ առումով իսկապես հավասարը չուներ հայկական ֆուտբոլում: Նրա սահանկումներն ու մկրատաձև հարվածները հայտնի էին բոլորին:
Գրիգոր Համբարձումյանը մեծ ուրախությամբ ընդունեց Խորհրդային Միության հավաքականում հանդես գալու հրավերը և մասնակցեց ուսումնամարզական հավաքներին: Չիլի պետք է մեկներ 22 ֆուտբոլիստ: Հավաքին մասնակցում էին 40–ը։ Յուրաքանչյուր խաղային դիրքի համար նախատեսված էր երկուական ֆուտբոլիստ։ Վյաչեսլավ Համբարձումյանը չդիմացավ ավելի զորեղ հարձակվողների մրցակցությանը։ Վերջին մարզումներից մեկի ժամանակ թիմում հայտնվեց պահեստային դարպասապահ Կոտրիկաձեն, որովհետև շրջագայության ժամանակ վնասվածք էր ստացել հավաքականի երկրորդ դարպասապահ Մասլաչենկոն:
Եվս մեկ դարպասապահի հայտնվելու պարագայում 22 հոգանոց ցուցակից պետք է մեկ խաղացող դուրս մնար։ Ուսումնամարզական հավաքից հետո հայտարարեցին, որ հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել երկու Համբարձումյանները: Մարզչական խորհրդի ներկայացուցիչները` Գավրիիլ Կաչալինը, Անդրեյ Ստարոստինը, Նիկոլայ Գուլյաևը և Վալենտին Գրանատկինը, շնորհակալություն հայտնեցին հայ ֆուտբոլիստներին` ներկայացնելով վերջնական որոշումը:
«Ես սառնասրտորեն ընդունեցի լուրը,- հետագայում հիշում էր Գրիգոր Համբարձումյանը,- բայց ահա Վյաչեսլավ Համբարձումյանն արտասվեց: Ես նրան հորդորեցի տոկուն լինել և չպախարակել հայերի պատիվը: Երբ հեռանում էի, ինձ մոտեցավ լեգենդար Լև Յաշինն ու ասաց. «Մի՛ տխրիր, դու դեռ երիտասարդ ես և հետագայում անպայման կխաղաս ազգային հավաքականի կազմում ու կմասնակցես աշխարհի հաջորդ առաջնությանը»։ Լյովան չգիտեր, որ մեկ տարի անց ես ծանր վնասվածքի պատճառով ստիպված թողնելու էի ֆուտբոլը»:
Փաստորեն Խորհրդային Միության հավաքականը Չիլի մեկնելիս մնաց առանց երկրորդ աջ եզրային պաշտպանի, և անհեռատես որոշումն ամբողջ թիմի համար եղավ ճակատագրական, ինչն էլ գլխավոր մարզիչ Կաչալինը ստիպված էր ափսոսանքով խոստովանել առաջնությունից հետո: Նա գլխին էր տալիս, երբ չիլիական ստուգատեսի մեկնարկային խաղում ծանր վնասվածք ստացավ և ասպարեզից դուրս եկավ աջ եզրային պաշտպան Էդուարդ Դուբինսկին: Վնասվածքն այնքան ծանր էր, որ ժամանակի հետ ֆուտբոլիստի մոտ առաջացավ սարկոմա, ու նա կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում:
Բնականաբար ոչ ոք նման սցենար չէր կանխատեսում: Խորհրդային թիմը չիլիական ստուգատեսում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 1-2 հաշվով զիջեց դաշտի տերերին, առաջնության ապագա բրոնզե մեդալակիր Չիլիի հավաքականին: Այդ պարտությունից հետո Եվրոպայի գործող չեմպիոն ԽՍՀՄ ազգային ընտրանին, որն աշխարհի 1962թ.-ի առաջնությունում հավակնում էր ամենաբարձր տեղերից մեկին, ժամանակից շուտ ընդհատեց պայքարն ու Հարավային Ամերիկայից վերադարձավ ձեռնունայն:
Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի