Տավուշում բնակավայրերին ուղղված կրակոցների թիվը նվազել է. մարզպետարանը լուծում է գտել

Նախորդ տարի Տավուշի մարզի որոշ համայնքների ուղղությամբ ընդհանրապես կրակոցներ չեն հնչել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մարզում նախորդ տարի նվազել է ոչ միայն սահմանին հնչող, այլև բնակավայրերին ուղղված կրակոցների թիվը։ Մարզպետն այս մասին ասաց՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե բնակավայրերին ուղղված կրակոցները որքանո՞վ են խանգարել գյուղատնտեսական աշխատանքներին:

«Նախորդ տարի բացառիկ էր բնակավայրերին ուղղված կրակոցների քանակի առումով, քանի որ դրանք էապես նվազել են: Ավելին, որոշ համայնքների ուղղությամբ ընդհանրապես կրակոցներ չեն հնչել: 2019-ի վերջին դիպուկահարների որոշակի աշխուժություն նկատվեց սահմանին, սակայն, բարեբախտաբար, ողջ տարվա ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում զոհ չենք ունեցել»,-ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ 2019-ին գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են անվտանգ, առանց որևէ կրակոցի:

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Չոբանյանը նշեց, որ գյուղացիները զգուշավորություն ցուցաբերում են, բայց սահմանամերձ գոտում գյուղատնտեսական խաղաղ աշխատանքների ապահովման համար մարզպետարանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել: Տավուշի մարզպետարանը կառավարությանն է ներկայացրել ծրագիր, ըստ որի՝ անտառներում որոշակի պաշտպանիչ շերտեր կհիմնվեն, որոնք կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ապահովմանը: Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տարվա հունվարի 10-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Նրա խոսքով՝ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։

Ռանչպարցիների քթի տակով անգամ ճանճն աննկատ չի անցնի. սահմանապահ գյուղացիների զգոն առօրյան