Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

Փորձագետը խոսել է առաջիկա հանրաքվեի ստորգետնյա խութերի ու ընդդիմության հնարավոր գործողությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վստահության միջանկյալ փորձություն կդառնա։ Փորձագետի խոսքով` բավականին հետաքրքիր կլինի հետևել, թե վարչապետն ինչ աջակցություն կստանա խորհրդարանական հաջորդ ընտրություններից երեք տարի առաջ։

Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

ԱԺ-ն երեկ` փետրվարի 6-ին, արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

«ԵԽԽՎ-ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել». Դանիելյանը` ՍԴ–իշխանություն վեճի մասին

Հակոբյանի կարծիքով` իշխանության համար իրավիճակը մի փոքր բարդանում է այն պատճառով, որ քաղաքացիների մեծ մասը Սահմանադրական դատարանի ու այդ կառույցի նախագահ Հրայր Թովմասյանի թեման երկրի համար չափազանց արդիական հարց չի համարում։ Դա ո՛չ նախագահի ընտրություն է, ո՛չ էլ ԱԺ–ի, մարդկանց պատկերացմամբ` ՍԴ ղեկավարի հարցը իրենց հուզող խնդիրների հետ կապ չունի։ Փաշինյանի թիմը դեռ պետք է համոզի մարդկանց` որքան կարևոր է այդ հարցը։

«Համոզելու փորձերն արդեն սկսվել են։ Մասնավորապես, վարչապետի երեկվա ելույթը ԱԺ–ում, երբ նա ասաց` ՍԴ–ն նախկին հանցավոր և թալանչի ռեժիմի վերջին բաստիոնն է», – ասաց Հակոբյանը։

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

«Հանրաքվեի մասին» օրենքով` Սահմանադրությունում կարող են փոփոխություններ արվել, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն` որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։

Ովքե՞ր կփոխարինեն Հրայր Թովմասյանին ու մյուսներին. փնտրվում են նոր դատավորներ. «Հրապարակ»

Հակոբյանի դիտարկմամբ` առաջիկա հանրաքվեն կարող է ընդդիմության ներքին գործընթացների կատալիզատոր դառնալ։ Փորձագետը կարծում է, որ ընդդիմության ներկայացուցիչները կարող են համախմբվել` հանրաքվեն բոյկոտելու ու Սահմանադրական փոփոխությունները կանխելու համար։ Թեև բավականին դժվար է գնահատել իշխանության ընդդիմախոսների հնարավորությունները։ Քաղտեխնոլոգը այսօրվա ընդդիմությանը բաժանում է մի քանի «էշելոնի»։

Առաջինում Հանրապետական կուսակցությունն է իր պոտենցիալ արբանյակներով, երկրորդում` այն նոր ուժերը, որոնք իրենց չեզոք են դիրքավորում ինչպես հին, այնպես էլ նոր իշխանությունների նկատմամբ («Ազգային օրակարգ», «Մեկ Հայաստան», ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ստեղծվելիք կուսակցություն)։ Երրորդ «էշելոնում» ներառված են հեղափոխական ուժերը, որոնք դժգոհ են իշխանությունների գործողություններից։

Մեսրոբյան. «Դատարանների հանձնումը ժողովրդի քմահաճույքին լավ հանգրվանի չի բերի»