Մուկուչյանն այցելել է ԱԺ. ինչ են քննարկել ԿԸՀ նախագահն ու Արարատ Միրզոյանը

ՀՀ նախագահը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին օրինագիծը դեռ չի ստորագրել։ Բայց ԱԺ նախագահն ու ԿԸՀ ղեկավարն արդեն քննարկում են ապագա հանրաքվեի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը դեռ տրված չէ։ Այսօր լրագրողներին ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպումից հետո։

Նրա մեկնաբանմամբ` նախապատրաստությունները կսկսվեն միայն այն բանից հետո, երբ նախագահը կստորագրի երեկ ԱԺ-ի ընդունած նախագիծն ու այն արդեն կստանա իրավական ուժ։

Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

«Հանրաքվեի նշանակվելուց հետո, երբ կսկսվեն ԿԸՀ գործառույթները, մենք` որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դրանք լիարժեք ծավալով կիրացնենք»,– ասաց նա։

Այս պահին, Մուկուչյանի խոսքով հայտնի չէ նաև, թե ինչ է գրված լինելու քվեաթերթիկի վրա, և որ հարցին պետք է ՀՀ քաղաքացիները տան իրենց «այո»–ն կամ«ոչ»–ը։

«Նշանակվում է հանրաքվե, նշանակումից հետո սկսվում են առանձին կազմակերպչական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում է քարոզչության գործընթաց։ Այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի շուրջ է կազմակերպվում հանրաքվեն, հետո արդեն սահմանված կարգով հաստատվում է քվեաթերթիկի նմուշ և տպագրվում է քվեաթերթիկ»,– ընթացակարգի քայլերն այս կերպ ներկայացրեց Մուկուչյանը։

Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հարցին, թե կհասցնի արդյո՞ք ԿԸՀ–ն սահմանված կարճ ժամկետում ամեն ինչ պատշաճ մակարդակով կազմակերպել, ընտրական մարմնի ղեկավարը պատասխանեց, որ ԿԸՀ–ն շատ ավելի կարճ ժամկետներում է առիթ ունեցել աշխատելու ու հասցրել է։ Խոսքը 2018թ–ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների մասին է, քանի որ արտահերթ ընտրությունների համար «Ընտրական օրենսգիրքն» ավելի կարճ ժամկետներ է սահմանում, քան «Հանրաքվեի մասին» օրենքը` հանրաքվեի համար։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ–ում էր՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու նպատակով։

Հանրաքվեի դրվելու համար սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է տապալվի. ինչպե՞ս

Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի հրապարակվել։ Իսկ Մուկուչյանը լրագրողներին հայտնեց միայն, որ քննարկել են «օրենսդրությանը վերաբերող հարցեր»` կապված սպասվող համապետական հանրաքվեի հետ։

Հիշեցնենք` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշումը ԱԺ–ն ընդունեց փետրվարի 7-ի արտահերթ նիստում։ Օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վավերացվելուց հետո Հայաստանում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

Այս պահին նախագահն օրենքը դեռ չի ստորագրել։