Լոռու մարզում խոզերի զանգվածային անկման պատճառը նաև կոկային ինֆեկցիան է եղել

Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները` մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Լոռու մարզի Աքորի գյուղում կենդանիների մասսայական անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում այս եզրահանգման են եկել լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց հետո։ 

Սյունիքում աֆրիկյան ժանտախտ է տարածվե՞լ. ինչու են սատկում Սամվել Ալեքսանյանի խոզերը

Արդեն տեղեկացրել ենք, որ գյուղի 3 տնտեսություններում խոզերի անկում էր գրանցվել։ Հունվարի 27-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Աքորիում ընդհանուր առմամբ անկել է 62 խոզ:

«Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում: Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում, զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում: Այցելության առաջին օրը հայտնաբերվել է 22 անկած խոզ»,–ասվում է ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Վերահսկողական գործառույթների շրջանակում վերցրել են անհրաժեշտ նմուշներ՝ լաբորատոր փորձաքննությամբ անկման պատճառները ճշտելու համար:

Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ:

Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում

Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձանմուշներ են վերցվել նաև խոզերի կերերից, որոնց հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը Սյունիքի մարզում նույնպես խոզերի զանգվածային անկում էր գրանցվել։ Այն ժամանակ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը հայտնել էր, որ Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել։ Անկման պատճառը, ըստ գյուղացիների, աֆրիկյան ժանտախտն էր, սակայն փորձաքննությունը անաէրոբ վարակներ բացահայտեց։

Դրանից առաջ Հայաստանում խոզերի մասսայական անկման դեպք է գրանցվել աֆրիկյան ժանտախտի պատճառով` 2011 թվականին։