ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի համար ռուսական գազի կայուն գինը քննարկվել է Ղազախստանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային փոխանցեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
ՀՀ և ՌԴ վարչապետները հանդիպել են հունվարի 31-ին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակում։
Փոխնախարարի խոսքով՝ գազային հարցը քննարկում են համապատասխան տնտեսական, էներգետիկ բլոկերի ներկայացուցիչները և փոխվարչապետը։ Բայց Հայաստանի ԱԳՆ-ը, բնականաբար, տեղյակ է խնդրից, թեև բանակցություններին անմիջական մասնակցություն չի ունենում։
«Կարող եմ միայն ասել, որ այդ հարցը քննարկվել է Ալմաթիում Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ։ Այդ թեման բարձրացվել է, կան որոշակի պայմանավորվածություններ», - նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հարցը պետք է կարգավորվի մինչև ԵԱՏՄ-ում էներգակիրների ընդհանուր շուկա ձևավորելը։ Հայտարարվել է, որ այն գործելու է 2025թ-ից։
«Համապատասխան փաստաթղթեր, նախապատրաստական աշխատանք․այդ ամենն արվում է։ Դժվար է ասել` կսկսի արդյոք այն գործել 2025թ-ին։ Հասկանալի է, որ էներգակիրներ առաքող երկրներն այդքան էլ շահագրգռված չեն դրանում։ Բայց, մյուս կողմից, կան փաստաթղթեր», - ասաց Քոչարյանը։
Հասկանալի է, որ այդ հարցով առավել հետաքրքրված են մնացած երկրները։ Պատահական չէ, որ այդ հարցը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում գերակա հարցերից է եղել։
Դավթյան. «Հայ-իրանական երկու նախագծերը քաղաքական հռետորաբանության մակարդակում են»
Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գազի գնի քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի սակագինը վերանայելու հայտով։
«Արդեն սկսել եմ գազի մասին հարցերից հաճույք ստանալ». փոխվարչապետ
2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:
Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար է։
2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևս սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։
Նշենք, որ գազը 1000 խմ դիմաց սպառողին հասնում է գրեթե 290 դոլարով։