ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը

Ազգային ժողովի օրակարգում ներառված երկրորդ նախագիծն ընդունվեց 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան խմբակցությունը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագծին։ ԱԺ–ում քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանը։

«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների ուղերձը, որով մեզ հորդորում են այս փոփոխությունների նախագիծը շատ շտապ ուղարկել Վենետիկի հանձնաժողով»,– ասաց Մելքումյանը` հավելելով, որ ԲՀԿ–ն չի պատրաստվում քաղաքական պատասխանատվություն վերցնել։

Հանրաքվեի մասին նախագիծն ի վերջո ընդունվեց 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ հանրաքվեի անցկացման օրը կախված է ՀՀ նախագահի` օրինագիծը ստորագրումից։ Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի մարտի վերջից ապրիլի 5–ն ընկած ժամանակահատվածում։

Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել և օրակարգում ընդգրկել 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նույն հոդվածը նախատեսում էր նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Մարդակերները ժողովրդավարությունից են խոսում. Ալեն Սիմոնյանը բաց ակնարկներ արեց ԱԺ ամբիոնից

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,–նշված էր նախագծում։

ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը ներկայացրած վերջնական նախագծով «Իմ քայլն» առաջարկում էր ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը դնել համաժողովրդական հանրաքվեի։

Ավելի քան 7 ժամ տևողությամբ արտահերթ նիստում ԱԺ–ն քննարկեց ու չընդունեց ներկայացրած օրինագիծը` դրանով ապահովելով այդ օրինագիծը հանրաքվեի դնելու հնարավորությունը։