Հայտնի է` ինչ կաշառք է տվել «Ոսկու աշխարհի» սեփականատերը Գագիկ Բեգլարյանին. «Ժողովուրդ»

«Ոսկու աշխարհի» տնօրենը հայտնել էր, որ Գագիկ Բեգլարյանն իրենից կաշառք է ուզել։ Վերջինս կարծում է, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին Երևանի համար տոնածառ է գնել «տվել»։

Հայտնի է` ինչ կաշառք է տվել «Ոսկու աշխարհի» սեփականատերը Գագիկ Բեգլարյանին. «Ժողովուրդ»

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ կաշառք ստանալու համար քրգործ է հարուցվել Գագիկ Բեգլարյանի դեմ` «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանի՝ «Ոսկու աշխարհի» սեփականատիրոջ դիմումի փաստով։ Աբրահամյանը հայտնել էր, որ 75 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Բեգլարյանին` շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։

«Ընդամենն ասել եմ՝ քաղաքի տոնածառներից մեկն էլ ինքը գնի որպես գործարար: Ու այդպես իմ շատ գործարար ընկերներ են Երևանի համար տոնածառեր գնել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել: Հիմա ի՞նչ, բոլորը գնան կաշառքի հաղորդում տա՞ն: Աբսուրդ»,–«Ժողովուրդի» հետ զրույցում ասել է Բեգլարյանը։

Բեգլարյանն ասել է, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը։

Հիշեցնենք, որ Վաղարշ Աբրահամյանն ԱԱԾ քննչական վարչությանը հայտնել էր, որ իր ընկերությունը Երևանի Անտառային փողոցի թիվ 144/3 հասցեում ժամանակին իրականացրել է բազմաբնակարան շենքի կառուցում, այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (Երևանի քաղաքապետ է եղել 2009-10թթ.)կողմից անհիմն կասեցվելու որոշում է կայացվել։ Աբրահամյանը շինղեկի՝ Արամ Վարդանյանի միջնորդությամբ կապ է հաստատել Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրա Բեգլարյանի հետ ու վերջինիս միջոցով մաս-մաս նրան են փոխանցել 75 հազար ԱՄՆ դոլար, որից հետո շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացել են:

ՀՀ ԱԱԾ մամուլի բաժնից Sputnik Արմենիային հայտնել էին, որ այս պահին այդ թեմայով դեռևս մեկնաբանություն չեն կարող տալ։

ԱԱԾ նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում. «Ժողովուրդ»