ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած երկու օրենքները և դիմել է ՍԴ։
Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` հունվարի 22-ին ԱԺ–ի ընդունած և նախագահի ստորագրմանը ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Ուստի հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան։
Նախագահը դիմել է ՍԴ` նշված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ 2019թ–ի սեպտեմբերին, կառավարության նիստում ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, նշել էր, որ այն մշակվել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով:
ՀՀ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։
Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։
Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ