Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը մարդաշատ է։ Ձյան առատ տեղումներից հետո այստեղ են հավաքվում երկրի բոլոր դահուկորդները, զբոսաշրջիկներ։ Այստեղ ակտիվությունը մեծ է հատկապես հանգստյան օրերին։ Սեզոնին, որը սկսվում է դեկտեմբերին և ավարտվում մարտին, Ծաղկաձոր է այցելում մոտ 3 հազար մարդ։ Այն հատկապես մարդաշատ է փետրվարի կեսին, երբ ժամանում են դահուկորդներ Ռուսաստանից, Ֆիլիպիններից և եվրոպական երկրներից։
Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գործում է ամբարձիչ` վեց կայարաններով։ Այն գործում է առավոտյան 9։30–ից մինչև 17։00-ն։ Դահուկային ուղիները, որոնք այստեղ վեցն են (դրանցից մեկը գիշերային է), հարմարեցված են սկսնակ և պրոֆեսիոնալ դահուկորդների համար։ Որակավորված մասնագետներն այցելուներին սովորեցնում են դահուկ, ձյունագնաց և սնոուբորդ քշել։
Երբ ձյունը շատ է, էքստրիմի սիրահարների համար բացում են գիշերային ուղին, որը գործում է մինչև կեսգիշեր։ Եվրոպացի զբոսաշրջիկները սիրում են գիշերները դահուկ քշել։ Նրանք հավաստիացնում են, որ ուղիները բավական բարդ են, բայց վտանգավոր չեն, և նույնիսկ անփորձ դահուկորդը կարող է հեշտությամբ կառավարել արագությունը։ Իսկ ահա ռուս զբոսաշրջիկները նախընտրում են դահուկ քշել ցերեկը, քանի որ հիմնականում երեխաների հետ են գալիս։
Նշենք, որ ըստ «ՏուրՍտատ» կայքի, Ծաղկաձորը հայտնվել է լեռնադահուկային հանգստի համար ԱՊՀ լավագույն վայրերի տասնյակում։