Երևանի կենդանաբանական այգում հիմա էլ ուղտ է սատկել. մանրամասներ

Կենդանաբանական այգու ղեկավարությունը խոստանում է լաբորատոր տվյալները ստանալուց հետո հրապարակել կենդանու սատկելու պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Երևանի կենդանաբանական այգում 2 ուղտերից մեկը սատկել է: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը:

«Ուղտն իսկապես սատկել է: Առաջիկայում մենք կհրապարակենք կենդանու անկման պատճառները և կտանք բոլոր հարցերի պատասխանները», - ասաց նա:

Կենդանաբանական այգու մեր աղբյուրը հայտնեց, որ ուղտը սատկել է հանգստյան օրերին:

Գյումրիում աղբամանի մոտ խեղդամահ արված շուն են գտել. 5 ձագերը մոր մոտից չեն հեռացել

«Կենդանին հիվանդացել էր, վիճակը կրիտիկական էր: Դա ակնհայտ զգացվում էր կենդանու արտաքին տեսքից»,– ասաց մեր աղբյուրը:

Ըստ շրջանառվող լուրերի` 2019 թվականի դեկտեմբերին Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակի կենդանիներ են սատկել` խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում որևէ տեղեկություն չկա։

Նշենք, որ 2018 թվականից ի վեր Երևանի կենդանաբանական այգին պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: 2018-ին կենդանաբանական այգում զեբր, արջ, կոկորդիլոս, բեզոարյան այծ և վագր են սատկել: 2019-ի ապրիլի 29-ին սատկեց ևս մեկ վագր՝ Բինգո անունով:

Ըստ պաշտոնական հայտարարության` անցյալ տարի երեք կենգուրու և երեք մուֆլոն թափառող շների զոհ են դարձել:

Հիշեցնենք` նոյեմբերի 1-ին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: