ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին բերման չեն ենթարկել: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը։
Հայտնի էր դարձել, որ Վերմիշյանի աշխատասենյակում ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում։
«ԱԱԾ-ն օպերատիվ գործողություն իրականացրեց Վերմիշյանի աշխատասենյակում, որն ավարտվել է արդեն։ Նրա սենյակից առգրավվել են համակարգիչը և որոշ փաստաթղթեր»,–ասաց Ղազարյանը։
Ղազարյանը վստահեցրեց` Վերմիշյանն ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս է եկել, իսկ թե ուր է գնացել` հայտնի չէ, բայց նրան բերման չեն ենթարկել։
Այլ մանրամասներ, ըստ Ղազարյանի, հայտնի կլինի ավելի ուշ` ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի։
Հիշեցնենք` hraparak.am–ն այսօր գրել էր, որ Վահագն Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։ Վերմիշյանը հերքել էր իր առնչությունն այդ քրեական գործին։
Քիչ առաջ խուզարկություն էր կատարվել Վերմիշյանի աշխատասենյակում և Վերմիշյանին ու նրա համակարգիչները քննիչները տարել էին իրենց հետ։
Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին։