ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քննչական խումբ է ստեղծվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը:
Այսպիսով` դատախազությունը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի 2 միջնորդություններից մեկը։ Մասամբ բավարարել է «անջատված գործով քննչական խումբ ստեղծելու միջնորդությունը:
Բախշյանի մյուս միջնորդությանը, որով նա խնդրում էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, մերժվել է։
«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել»,–ասել են դատախազությունից:
Նաիրի Հունանյանի` Նիկոլ Փաշինյանին գրած նամակն ուղարկվել է ԱԱԾ
Նաև նշել են, որ որոշմամբ նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ:
Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին: