ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ավտոմեքենաների մի քանի տասնյակ ներկրողներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ` բողոքելով, որ մոտ 300 ներմուծված ավտոմեքենա մնացել է «Բագրատաշենի» անցակետում (հայ–վրացական սահման)։
Մեքենաները գնել են Ամանորից առաջ, բայց չեն հասցրել ներկրել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը և մաքսազերծել հին, ավելի ցածր գներով։
Ակցիայի մասնակից Տիգրան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ մեքենաների ներմուծումը թույլատրելու նպատակով իրենք երկու նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Արդեն երեք շաբաթ է` պատասխան չկա։ Այդ պատճառով էլ որոշել են հավաքվել կառավարության շենքի մոտ։
«Մնացել են վերջին 300 մեքենաները։ Մենք դրանց համար վճարել ենք, ունենք բոլոր տեղեկանքներն ու կտրոնները։ Դրանք վկայում են, որ մեքենաները գնվել են անցած տարի։ Հիմա մենք խնդրում ենք սահմանն անցկացնելու ու այստեղ բերելու հնարավորություն տալ մեզ», – պարզաբանեց Հովհաննիսյանը։
Հայաստանում այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ կանոնակարգը, որն արդեն 5 տարի գործում է միության մյուս երկրներում։ Երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացել են։ Անցած տարի մաքսատուրքերի սպասվող բարձրացման պատճառով մարդիկ մեծ թվով մեքենաներ էին գնել։ Ներկրողներից շատերը վարկեր էին վերցրել` հնարավորինս շատ մեքենաներ գնելու և հետագայում այն ավելի թանկ վերավաճառելու նպատակով։
Կանխատեսելով, որ ներկրողները չեն հասցնի մինչև 2019 թվականի վերջ ներմուծել ԱՄՆ–ից, Եվրոպայից և Ճապոնիայից գնված բոլոր մեքենաները` ՀՀ կառավարությունը զիջման էր գնացել` թույլ տալով հին գներով մաքսազերծում իրականացնել մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը։