Երևանի կենդանաբանական այգին ժամանակավորապես կփակվի

Ուղտի սատկելուց հետո Երևանի կենդանաբանական այգում այժմ ախտաբանական աշխատանքներն են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այգին ժամանակավորապես կփակվի։

Երևանի կենդանաբանական այգում հիմա էլ ուղտ է սատկել. մանրամասներ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի կենդանաբանական այգու 2 ուղտերից մեկը սատկել է:

«Այգում այս պահին կարանտին է հայտարարվել, քանի որ փորձաքննության արդյունքում պարզվել է` սատկած ուղտի մոտ կան տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Այգում այժմ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում»,–ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` սատկած ուղտի ազատավանդակում ևս մեկ ուղտ, ինչպես նաև թուրքմենական կուլաններ են եղել, որոնց կհետազոտեն։

Հարցին` ե՞րբ են նախատեսում բացել կենդանաբանական այգին` Մարգարյանը պատասխանեց, որ այգու բացումը կախված կլինի կանխարգելիչ աշխատանքների ընթացքից ու դրանց արդյունքներից։

Հիշեցնենք, որ 2018 թվականից ի վեր Երևանի կենդանաբանական այգին պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: 2018-ին կենդանաբանական այգում զեբր, արջ, կոկորդիլոս, բեզոարյան այծ և վագր են սատկել: 2019-ի ապրիլի 29-ին սատկեց ևս մեկ վագր՝ Բինգո անունով:

Ըստ պաշտոնական հայտարարության` անցյալ տարի երեք կենգուրու և երեք մուֆլոն թափառող շների զոհ են դարձել:

Նոյեմբերի 1-ին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։