«Ամենաբարձրաստիճան ձերբակալությունը»․ Փաշինյանը խոսել է Վերմիշյանի մասին

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ բոլոր կոռուպցիոներները պատասխանատվության են ենթարկվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։

«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը:Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ բոլոր՝ թե՛ ներկա, թե՛ նախկին կոռուպցիոներները կանգնելու են դատարանի առաջ:

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 5-ին, խուզարկություն են իրականացրել Վերմիշյանի աշխատասենյակում: ԱԱԾ աշխատակից Վաղարշակ Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ կոմիտեի նախագահին բերման չեն ենթարկել, առգրավվել են պաշտոնյայի համակարգիչը և «որոշ փաստաթղթեր»։ Նա վստահեցրեց` Վերմիշյանն ԱԱԾ աշխատակիցների հետ դուրս է եկել, իսկ թե ուր է գնացել, հայտնի չէ։

Ավելի ուշ Վերմիշյանի ձերբակալության մասին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց։  Ըստ այդ հայտարարության՝ Վերմիշյանը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով մի քանի կառուցապատողներից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 1-2,5 միլիոն դրամ կաշառք։ Հարցաքննության ժամանակ պաշտոնյան խոստովանել է կատարած հանցանքը։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին։