Կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերն ավելանում են. Հայաստանն ԱՀԿ–ից ևս 200-ը կստանա

Հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Փետրվար — Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին կորոնավիրուսի ևս 200 ախտորոշիչ թեստ կտա։ Տեղեկությունն այսօր Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում անդրադարձել է այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նիստի ընթացքում ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև բնակչության իրազեկման ուղղությամբ կատարվող քայլերը: 

«Թորոսյանից ամեն կերպ թաքցնում են». Երևանի մետրոյում գտել են քաղցկեղի դեմ պայքարի միջոցը

Նիստի ընթացքում հանձնարարվել է հնարավոր սեղմ ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների դժվարություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

Ավելի վաղ առողջապահության նախարարը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։ Թեստը ստանալուց հետո Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի վեց հետազոտություն. փետրվարի 4-ի դրությամբ երկրում վարակի դեպք չի գրանցվել։

ՀՀ քաղաքացիներից 9–ը կմնան Չինաստանի կարանտինի գոտում

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438  մարդու, 425–ը մահացել են։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17 205  հիվանդների և 361 մահացածների մասին։