ՀՀ քաղաքացիներից 9–ը կմնան Չինաստանի կարանտինի գոտում

Չինաստանի կարանտինի գոտում 11 ՀՀ քաղաքացի կա, նրանցից 2–ն են միայն տարհանվելու ցանկություն հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Չինաստանի տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն տարհանվել է ՉԺՀ տարածքից: Sputnik Արմենիային այս տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է

«Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` Չինաստանում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից:

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438  մարդու, 425–ը մահացել են։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17 205  հիվանդների և 361 մահացածների մասին։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։ Թեստը ստանալուց հետո Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի վեց հետազոտություն. փետրվարի 4-ի դրությամբ երկրում վարակի դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը