Ադրբեջանական հաշվեհամարն ու Ջամալայի չեղարկված համերգը. «որտե՞ղ է թաղված շան գլուխը»

 «Դրիմ փրոջեքթը» կշարունակի բանակցությունները երգչուհի Ջամալայի համերգի կազմակերպիչների և երգչուհու PR մենեջերի հետ, որպեսզի վերականգնի սեփական ընկերության բարի համբավը և սոցցանցերում դադարեն «անտեղի քննադատությունները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ջամալայի` Երևանում չեղարկված համերգի շուրջ աղմուկը չի դադարում։ Համերգի կազմակերպիչ հանդիսացող «Դրիմ փրոջեքթի» ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը Sputnik Արմենիային ասաց, որ փորձում են շտկել ստեղծված իրավիճակը, որպեսզի խուսափեն ապատեղեկատվության տարածումից։

Փետրվարի 14-ին Երևանում «Դրիմ փրոջեքթի» նախաձեռնությամբ առաջին անգամ պետք է կայանար «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ, ջազային և օպերային երգչուհի Ջամալայի մենահամերգը, սակայն երգչուհու պաշտոնական էջում հրապարակվեց տեղեկություն, որ համերգը չի կայանալու։

«Այսօր կրկին կապ եմ հաստատել Ջամալայի PR մենեջեր Ալյոնա Պիանկովսկայի հետ և ի զարմանս ինձ` նա գրեթե տեղյակ չէր, թե ինչ պայմանագրեր են կնքվել մեր կազմակերպության և Ջամալայի համերգների կազմակերպչի միջև։ Նա խոստացավ ամեն ինչ հստակեցնել և մեզ հետ կապ հաստատել»,–ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` խնդիրն առաջացել է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարից:

Երգչուհի Ջամալան շուտով կմայրանա

Ըստ պայմանագրի`Երևանում համերգի կազմակերպման համար առաջին կանխավճարը պետք է կատարվեր 2019թ.-ի դեկտեմբերի 25-ին, սակայն այն հետաձգվել է մինչև 2020թ.–ի հունվարի 10-ը։ Անդրեասյանն արդեն բանկում պարզել է, որ հաշվեհամարը, որին պետք է գումար փոխանցեն, Բաքվի MuganBank–ին է պատկանում։

«Բնականաբար, Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Հետո մենք խոսեցինք իրենց հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թբիլիսի և այնտեղ գումարն առձեռն տալ Դիանա անունով մի աղջկա, բայց այդպես մենք չհամաձայնեցինք, որովհետև մեր իրավաբանական բաժինը բացառեց այդպիսի գործարքը»,–նշեց Անդրեասյանը:

Վերադարձ հայրենիք. Ջամալան առաջին համերգը կտա Երևանում

Նրա խոսքով` իրենք առաջարկել են, որ իրենց տրամադրեն այլ բանկի հաշվեհամար, ինչն արվել է։ «Դրիմ փրոջեքթը» նոր պայմանագիր է կազմել և ուղարկել երգչուհու համերգի պատասխանատուներին, սակայն նրանցից դեռ ոչ մի արձագանք չեն ստացել։ Իսկ համերգի չեղարկման մասին իրենք նույնպես երգչուհու պաշտոնական էջից են տեղեկացել։

 «Նրանց հետ ընթացող բանակցությունների բոլոր ապացույցները մեզ մոտ կա՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և շատ այլ մանրամասներ: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, որն իրենց կողմից էր առաջացել` երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել` մինչև այդ հարցը կարգավորվի»,–ասաց Անդրեասյանը:

Պոտապն ուզում էր` ես հայերեն երգեմ. Սրբուհի Սարգսյանը` Ջամալայի և «Ձայնի» մասին

«Եվրատեսիլն» ընդունեց Ջամալայի երգը

Այն պահից, երբ Ջամալայի պաշտոնական էջում հրապարակվել է, որ նա Երևանում համերգ կունենա, տոմսերի վաճառքը սկսվել է: Երգչուհու էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am կայք` մարդիկ գնել են համերգի տոմսերը:

«Առանց իր պաշտոնական էջի հայտարարության` մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ իրենց թելադրած կանոնակարգով ենք շարժվել։ Այդ ամենից հետո իրենց հայտարարությունից ստացվում է, որ մեր ընկերությունը խաբեությամբ է զբաղվում, բայց ինչո՞ւ, եթե մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Անգամ երգչուհու համերգի կազմակերպիչն ինձնից հարցնում էր, թե ինչպես են վաճառվում համերգի տոմսերը, այսինքն` ի՞նչ տեղյակ չլինելու մասին կարող է խոսք լինել»,–եզրափակեց Անդրեասյանը։

Նշենք, որ «Դրիմ փրոջեքթը» տոմսարկղերից գումար չի վերցրել, այսինքն` մարդիկ կարող են իրենց վճարած գումարը հետ ստանալ։

Հիշեցնենք, որ 168.am-ը կապ էր հաստատել երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկու հետ, վերջինս հայտնել էր, որ Ջամալայի` Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։