«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն «Զբոսանքներ Թբիլիսիով» նախագծի շրջանակում պատմում է Թբիլիսիի ամենաստեղծագործական տներից մեկի մասին, որտեղ ապրել և իր գլուխգործոցներն է ստեղծել կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովը։
Sputnik

Այո, աստված լինելը հեշտ չէ, ընդունում եմ`բարձրանալով լեռն ի վեր։ Ինչպիսի մարզավիճակում պետք է լինես, որ ամեն աստծո օր շունչդ չկտրվի և չսայթաքես դուրս ցցված գլաքարերի վրա։

Գլաքարերով պատված փողոցներ քաղաքում քիչ են պահպանվել։ Սա դրանցից մեկն է, այն էլ բարձունքի վրա։ Հանկարծ գիրացած չլինե՞մ, թե չէ սողալն ավելի կդժվարանա։ Այո, բարդ է, բայց հաճելի, գրողը տանի։ Հաճելի է, երբ բարձրացել ես և նայում ես քո տան պատուհանից։ Այդ տներից յուրաքանչյուրից բացվող տեսարանն ասես երկնային գրասենյակ լինի։ Իզուր չէ, որ այդ վայրը կոչվում է Սուրբ լեռ։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Նայում եմ պատուհանից, դրսում քաղաքն է` մանր, ասես գրպանից շաղ տված տներով։ Դրանք բոլորն ասես հրմշտում են իրար` բարձրանալով իրար վրա մրցում են։ Ինչ–որ բանի մասին են փսփսում, միմյանց պատմում։ Իսկ հետո իջնում է գիշերը, և բարի, ջերմ ու անհոգ Թբիլիսին քուն է մտնում։ Իսկ դու շարունակում ես վերևից ըմբոշխնել քաղաքը դուդուկի հնչյունների ու ինչ–որ մեկի երգի տակ։ Մի խոսքով` Մթածմինդան ուղղակի Թբիլիսիի կոլորիտային թաղամասերից չէ, այն ուրիշ գալակտիկա է։

«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»

Էքսցենտրիկ միստիֆիկատոր, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիի Կոտե Մեսխի փողոցում։ Թբիլիսիում Փարաջանովի տուն այցելելու միտքը գլխումս ծագեց, երբ Երևանում այցելեցի նրա տուն–թանգարան։ Դա զարմանալի վայր է` յուրահատուկ էներգետիկայով և շնչով։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Բայց Փարաջանովը ոչ մի օր չի ապրել երևանյան տանը, նա ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում և մինչև կյանքի վերջը հավատարիմ  մնացել այս քաղաքին։ Ուստի տրամաբանական կլիներ, եթե թանգարանը նրա տանը բացեին։ Բայց չի ստացվել։ Այժմ այդ տանը հյուրանոց է գործում։ Այն, ի դեպ, կոչվում է «Փարաջանով»։

Ներկայիս տանտերերը տունը, որտեղ ծնվել և ապրել է Փարաջանովը, գնել են 1995թ–ին նրա որդի Սուրենից։ 

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

– Տանն արդեն ոչինչ չկար ռեժիսորի իրերից։ Բոլոր իրերը հիմնականում տեղափոխվել են Երևան։ Որոշ բաներ նվիրել են ու տվել հարևաններին, և դրանք մինչև հիմա նրանց մոտ են։ Տունը բարձիթողի վիճակում է եղել։ Ճաքճքած պատեր, կիսաքանդ պատշգամբ։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էր տարածքը, քան տան վիճակը։ Ամուսինս շինարար է, ուստի մտածեցինք, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքներս կանենք։ Առավել ևս, որ կար լրացուցիչ քառակուսի մետրեր ավելացնելու հեռանկարը, – պատմում է տանտիրուհին։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Ապա Մանանան շեղվում է թեմայից և ասում, որ վերջերս է իմացել, որ տունը, որտեղ ապրել է Սերգեյ Փարաջանովի երկրորդ կինը` Սվետլանա Շչերբատյուկը` Սուրեն Փարաջանովի մայրը, այրվել է, և նա հայտնվել է փողոցում։ Մանանայի խոսքով` կնոջն ապաստան են տվել հարևանները։

– Մտածեցի` միգուցե մեզ մոտ կանչենք նրան, մեզ մոտ տեղավորենք։ Հետո որոշեցի` հազիվ թե համաձայնի, արդեն 80-ն անց է։ Որքան գիտեմ, Սուրենը երբեք ընտանիք չի ունեցել։ Նրա մասին շատ քիչ բան է հայտնի։

Մանանան ու ես նստած ենք բազմոցին` սենյակի մեջտեղում։ Հավանաբար այստեղ է դրված եղել Փարաջանովի սեղանը։ Մյուս սենյակի պատերին շատ նկարներ կան` թաղիքից պատրաստված։ Դրանք հիմնականում Փարաջանովի դիմանկարներն են կամ կերպարներ նրա ֆիլմերից։

Փարաջանովի գանձերը հայտնաբերվել են. ինչպես է ռեժիսորը միֆեր ստեղծել և կապել ճակատագրերը

Մանանան մասնագիտությամբ իրավաբան է, մի քանի տարի առաջ տարվել է թաղիքի նկարչությամբ։  Մանանայի նկարչական հմտությունների մասին չի իմացել նույնիսկ ամուսինը։ Կնոջ համար առեղծված է` որտեղից այդ հետաքրքրությունն առաջացավ։ Հավանաբար տանը յուրահատուկ մթնոլորտ կա։ Փարաջանովն արդեն 28 տարի չկա, բայց նրա ոգին թևածում է, դրդում ստեղծագործել։

Տանը ոչ մեծ բար կա։ Դարակներում գինի ու ճաճա (վրացական թունդ ալկոհոլային խմիչք- խմբ.) է շարած։ Տանտերը` Գուրամը, դարակից վերցնում է մի շիշ, հասցնում եմ կարդալ` «Փարաջանով»։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Բարի մոտ պատերը շրջապատված են ռեժիսորի լուսանկարներով։ Այստեղ է նաև ընտանեկան մասունքը` օրորոցը, որը նոր տերերին մնացել է Փարաջանովից։ Խախուտ, հին օրորոցը ռեժիսորն օգտագործել է իր ֆիլմերից մեկում։ Տանտերերը պնդում են, որ հենց այս օրորոցի մեջ է մեծացել մաեստրոն։ Այն գտել են ձեղնահարկում, երբ որոշել են վերանորոգել և կառուցել երկրորդ հարկը։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Երկու տարի առաջ ուկրաինացի լրագրողը այս օրորոցի համար պատրաստ էր կլորիկ գումար վճարել, բայց ամուսինները հրաժարվել են վաճառել։ 

Մյուս պատին Փիրոսմանիի անկյունն է։ Կրկին թաղիքից նկարներ` նրա հայտնի սյուժեների պատկերներով։ Լինում է, որ այցելուներից մեկին ինչ–որ աշխատանք է դուր գալիս, Մանանան հանում է պատից և նվիրում։

Տանտերերը նաև հյուրերի ծննդյան օրերին անակնկալներ մատուցելու սովորություն ունեն, որից հյուրերը հաճելիորեն զարմանում են։ Պատահել է, որ Մանանան մի գիշերում է թաղիքե նկարը գործել, որպեսզի հասցնի առավոտյան այն հերթական կենվորին նվիրել։

Տանտերերի հետ դուրս եմ գալիս լայն պատշգամբ։ Հայացքս ուղղում եմ փոքր բակին, որտեղ անցել է ռեժիսորի մանկությունը, երիտասարդությունը և ամբողջ կյանքը։

– Սերգոն Թբիլիսիի մարդ էր, – մտախոհ ասում է Գուրամը։ – Նա գնացել է Երևան, բայց սիրտն այստեղ է մնացել... Ես նրան լավ գիտեի։

– Եվ, ինչպիսի՞ն էր նա։

– Շատ բարի։ Նա հաճախ էր ճամփորդում։ Տարբեր իրեր էր բերում։ Մի անգամ ջինսե տաբատ էր բերել, չեմ հիշում` որտեղից։ Իսկ այդ ժամանակ այն դեֆիցիտ էր։ Բոլոր «ստիլյագաները» երազում էին նման տաբատ ունենալ։ Եվ նա ինձ ցույց տվեց դա։  Ասում է` նայիր, հավանո՞ւմ ես։ Ասացի` հա, լավն է։ Դե վերցրու, – ասաց Սերգոն։ Հրաժարվեցի։

Պատշգամբում մի քիչ կագնելուց հետո տուն ենք մտնում։

Ես նրան կոնյակ նվիրեցի, իսկ նա ինձ` սրբապատկեր. բուլղարացի ռեժիսորը` Փարաջանովի մասին

– Գնանք, հյուրանոցը ցույց տամ, – ասում է Մանանան։ Պտուտակաձև աստիճաններով բարձրանում ենք երկրորդ հարկ։ Հյուրանոցի յուրաքանչյուր համարից նայելիս քաղաքն ասես ափիդ մեջ լինի։

– Զբոսաշրջիկները խմբերով գալիս են մեզ մոտ այն օրից, երբ գնեցինք տունը։ Մեր դռները գրեթե չեն փակվել։ 2016թ–ին տանը հյուրանոց բացեցինք, և այդ ժամանակ արդեն հոսքը շատացավ։ Մեզ մոտ բարձրանում են զբոսաշրջային խմբեր, առանձին զբոսաշրջիկներ։ Մարդիկ հաղթահարում են այս բարձունքը, որպեսզի հասնեն Փարաջանովի տուն։ Ինչպես ներս չհրավիրես նրանց, գինի չհյուրասիրես, – ասում է Մանանան։

«Նռան գույնի» մեջ հայտնված «մաստիկան». երբ հայ կանայք տղամարդկանցից խիզախ են

Նա կատակով ասում է, որ բազմամարդությունը և հյուրերը ևս ժառանգություն են մնացել Փարաջանովից։ Ռեժիսորի տան դռները երբեք չեն փակվել։ Ով ասես եղել է այնտեղ։ Ե՛վ Անդրեյ Տարկովսկին, և՛ իտալացի սցենարիստ ու ռեժիսոր Տոնինո Գուերան, և՛ Մարչելո Մաստրոյանին, այստեղ հարսանիք են արել Վլադիմիր Վիսոցկին ու Մարինա Վլադին։ Հիմա էլ նրանց մոտ ամեն օր բաց դռների օր է։

Չէի ուզում հեռանալ իմ նոր ծանոթներից։ Երկար հրաժեշտ տվեցի տանտերերին։ Նրանք նորից հյուր կանչեցին, խոստացա, որ նորից կգամ։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Հետո լուսանկարեցի նրանց ու սկսեցի ներքև գլորվել` բառի բուն իմաստով։ Որովհետև Փարաջանովի տնից դուրս գալիս ճանապարհը սլանում է ներքև։

Ես վերադարձա այնտեղ, որտեղ միշտ աղմկոտ է, բազմամարդ ու անհանգիստ։ Եվ մտածում էի, որ երևի լավ է, որ Փարաջանովի տունը հյուրանոց են դարձրել։ Հիմա ինքդ կարող ես ապրել այդ տանը, ընկղմվել կախարդական ցնորատեսիլների մեջ և  փոքր-քիչ մոտենալ վարպետին։