Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում

Կորոնավիրուսի փոխանցման նոր մոտեցում կա` գաղտնի շրջանում վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն հնարավոր չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման առնչությամբ Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա, ինչը տրամաբանական է, սակայն հարկ եղած դեպքում մարդիկ լաբորատոր հետազոտության են ենթարկվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

Սոցցանցերի որոշ օգտատերեր գրառում են արել` նշելով, որ օրերս են վերադարձել Չինաստանից, և մտավախություն ունեն, որ կարող են կորոնավիրուսով վարակված լինել։ Նրանց խոսքով` «Նորք» ինֆեկցիոնում հրաժարվել են իրենց լաբորատոր հետազոտության ենթարկել։

«Հանրապետությունում արդեն իսկ առկա են կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, սակայն Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը չափանիշներ է սահմանել, թե որ դեպքերում է հնարավոր հետազոտվել։ Կորոնավիրուսի ախտանիշների`  տենդի, հազի և դժվարացած շնչառության, ինչպես նաև վերջին 14 օրում Չինաստանում գտնվելու դեպքում մարդկանց լաբորատոր հետազոտման են ենթարկում»,–ասաց Թորոսյանը։

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

Նրա խոսքով` ԱՀԿ–ի նշանները, թե որ դեպքում պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվի, Հայաստանն ավելի զգայուն է դարձրել, և նրանք, ովքեր միայն ջերմություն ունեն և եղել են Չինաստանում, լաբորատոր հետազոտվում են։ Ավելին, ըստ Թորոսյանի, նման մարդիկ հետազոտվում են նաև գրիպի և այլ շնչառական հիվանդությունների նկատմամբ։ Նախ բժիշկն է զննում այցելուին, հետո որոշվում է` լաբորատոր հետազոտության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է, Հայաստանում վարակվածներ չկան

«Կորոնավիրուսի փոխանցման մասին ԱՀԿ–ն նոր մոտեցում ունի` եթե նախկինում կարծում էին, որ վիրուսը հնարավոր է փոխանցվի նաև գաղտնի շրջանում, ապա այժմ հստակեցրել են` մարդուց մարդուն վիրուսի տարածումը հնարավոր է միայն, երբ նրանցից մեկի մոտ առկա են կլինիկական ախտանիշներ»,–նշեց Թորոսյանը։

Իսկ եթե մարդու մոտ չկան կորոնավիրուսի ախտանշաններ, սակայն 14 օրվա ընթացքում նա եղել է Չինաստանում, վերջինիս նկատմամբ երկշաբաթյա բժշկական հսկողություն է սահմանվում։ Հսկողության ընթացքում ախտանշանների ի հայտ գալու դեպքում լաբորատոր հետազոտության է անցկացվում։

Թորոսյանը վստահեցնում է` բոլոր նրանք, ովքեր ունեն լաբորատոր հետազոտության կարիք, անպայման հետազոտվում են, և ամենևին էլ կապ չունի, որ Հայաստանն այս պահին կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ ունի։ Անհրաժեշտության դեպքում թեստերի նոր խմբաքանակ կբերեն։

Ե՞րբ կորոնավիրուսը կնահանջի. չինացի փորձագետը ժամկետներ է նշել

«Կոչ եմ անում խուճապի չմատնվել, քանի որ մասնագետները լավ գիտեն` որ դեպքում ինչ պետք է անել։ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներն իրականացնում է վարակի հնարավոր հայտնաբերման և դրա տարածման կանխարգելման առնչությամբ»,–ընդգծեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438  մարդու, 425–ը մահացել են։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17 205  հիվանդների և 361 մահացածների մասին։

Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։ Թեստը ստանալուց հետո Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի վեց հետազոտություն. փետրվարի 4-ի դրությամբ երկրում վարակի դեպք չի գրանցվել։