Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է

Կորոնավիրուսի ախտորոշման` Հայաստան հասած 200 թեստով հնարավոր կլինի հետազոտել նվազագույնը 63, առավելագույնը` 190 մարդու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի` Հայաստանին նվիրած կորոնավիրուսի 200 թեստերից մեկն այսօր արդեն փորձարկվել է. Չինաստանից Հայաստան վերադարձած և ջերմություն ունեցող քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

«Կորոնավիրուսի հայտնաբերման թեստը լաբորատորիա հասնելուց 3-4 ժամվա ընթացքում է հնարավոր է ախտորոշել` մարդու մոտ առկա՞ է կորոնավիրուս, թե` ոչ։ Վիրուսի հետազոտումն անվճար է արվում, սակայն ինչ–որ մեկին հետազոտելու համար նա պետք է ինչ–ինչ «չափանիշների համապատասխանի»` ունենա ջերմություն և վերջին շրջանում կա՛մ ՉԻնաստանում բնակված լինի, կա՛մ էլ շփում ունեցած լինի մեկի հետ, որը վարակված է եղել կորոնավիրուսով»,–ասաց Բակունցը։

Նրա խոսքով` կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստերով հնարավոր կլինի հետազոտել նվազագույնը 63, առավելագույնը` 190 մարդու։ Այդ թեստերով ախտորոշման դեպքում սխալվելու հավանականությունը 1 տոկոսից էլ քիչ է։

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Ինչ վերաբերում է թեստերի պահման պայմաններին, ապա դրանք Հայաստանում պահում են լաբորատորիայում, -20 աստիճան ջերմության պայմաններում։ Ախտորոշման համար մարդու քթից և ըմպանից են նշում վերցնում։

«Ի դեպ, Չինաստանից նույնպես 200 թեստ ստանալու ուղղությամբ այժմ քննարկումներ են գնում»,–ասաց Բակունցը։

Մասնագետը հայտնեց` Հայաստանում այս պահին չկա մեկը, որը կորոնավիրուսի բացահայտման թեստով ախտորոշման կարիք ունենա։

Հարցին` եթե ախտորոշման դեպքում կորոնավիրուս հայտնաբերվի, Հայաստանում այն բուժել հնարավո՞ր է` Բակունցը պատասխանեց` «այո»։ Նա հիշեցրեց` կորոնավիրուսի դեմ հակավիրուսային սպեցիֆիկ բուժում չկա, ուստի Հայաստանը կձեռնարկի այն բոլոր քայլերը, ինչ անում են այլ երկրներում։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների պաշտոնական թիվը հասել է 361–ի, ևս 17 205 մարդ վարակված է։ Հիվանդներից 2296–ի վիճակը գնահատվում է ծանր, և միայն 475–ն են առողջացել ու դուրս գրվել հիվանդանոցներից։

Վերջին երկու օրվա ընթացքում գրանցվել է վարակի 2829 նոր դեպք։ Եվս 21 558 մարդ ներկա պահին կասկածի տակ են։ Չինաստանի առողջապահական մարմինների հսկողության տակ 152 700 մարդ կա։

Իսկ Չինաստանից դուրս` աշխարհի այլ երկրներում, կորոնավիրուսով հիվանդների թիվը պաշտոնական տվյալներով հասել է 148–ի։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Հայաստանում 99.9 տոկոսով կորոնավիրուս չկա. Թորոսյան