ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին 14 օր կարանտինում կմնա Ղազախստանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Երկու շաբաթ կմնա կարանտինում, հետո կվերադառնա հայրենիք»,– ասաց նա։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց` չի բացառվում, որ ՀՀ քաղաքացին, այնուամենայնիվ, Ղազախստանում չմնա, այլ տեղափոխվի Հայաստան։
«Այս պահին քննարկվում է այդ հարցը»,– ասաց նա։
Նշենք, որ Ղազախստանի կառավարությունը երեկ հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Ղազախստանը կազմակերպել է իր 83 քաղաքացիների տարհանումը Չինաստանից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Ղազախստանի քաղաքացիներից Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիները:
ՀՀ կառավարության տվյալներով` տարհանվածներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի։
Տարհանված քաղաքացիները Ղազախստանի կառավարության որոշմամբ, բուժզննում անցնելուց հետո տեղափոխվել են կարանտինային գոտի, որտեղ 14 օր կմնան բուժհսկողության տակ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ Facebook-ում հայտնել էր, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։
Հայաստանում ու Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների թվում այս պահին վարակվածներ չկան։
Փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին անվճար է տրամադրել։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Չինաստանում կորոնավիրուսից մահացածների պաշտոնական թիվն այս պահի դրությամբ հասել է 361–ի, ևս 17 205 մարդ վարակված է, ևս 152 700 մարդ Չինաստանի առողջապահական մարմինների կողմից հսկողության տակ են։
Ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ. Դալայ լաման իր մեթոդն է առաջարկել