Հաստա՞տ Լապշիններ չեք. Բաքվում զբոսաշրջիկներին շփոթել են բլոգեր Լապշինի հետ

Զբոսաշրջիկ Լապշովների ընտանիքի անդամները Ադրբեջանում անհարմար իրավիճակում են հայտնվել այն պատճառով, որ իրենց ազգանունը նման է եղել ադրբեջանական բանտում հայտնված իսրայելցի բլոգեր Լապշինի ազգանվան հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իսրայելից Ադրբեջան մեկնած Լապշովների ընտանիքի անդամները անսպասելի դժվարությունների են հանդիպել այն պարզ պատճառով, որ իրենց ազգանունը նման է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազգանվանը։ Տեղեկությունը Լապշինը գրել է Facebook–ի իր էջում։

«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել

«Լապշովների հարգարժան զույգը որոշել է այցելել արևոտ Ադրբեջան: Նրանք նույնիսկ չեն պատկերացրել, թե ինչ է իրենց սպասում նավթային երկրում: Հասել են Բաքվի օդանավակայան, որտեղ անձնագրային հսկողության աշխատակիցները վերցրել են նրանց անձնագրերը և հեռացել: Այնուհետև հարցրել են. «Դուք Լապշիննե՞րն եք»: Նրանք պատասխանել են. «Ո´չ, Լապշովներն ենք»:

Բլոգերի խոսքով` ադրբեջանցի սահմանապահները խառնվել են ու ինչ–որ տեղ զանգել։ Իսկ Լապշովների ընտանիքը չի հասկացել` ինչ է կատարվում։

Ամուսիններն ընդհանրապես չէին լսել Լապշինի, Արցախ այցելելու համար Մինսկում նրան ձերբակալելու և Բաքու արտաքսելու, ինչպես նաև նրա  նկատմամբ կազմակերպված սպանության փորձի մասին։

«Ադրբեջանցիները չեն հանգստացել։ Լապշով, Լապշին… դուք հաստա՞տ Լապշինները չեք: Իսկ Լապշինը ձեր ի՞նչն է»: «Ո´չ, մենք Լապշովներն ենք: Մենք ոչ մի Լապշին չգիտենք»,– այսպիսի խոսակցություն է տեղի ունեցել օդանավակայանում։

Այս ամենը շարունակվել է, երեխաները լացել են, ադրբեջանցիները` վազվզել ու գոռգոռալ։ Վերջում նրանց թողել են մուտք գործել, զույգը մի քանի օր Բաքվում է անցկացրել, բայց «տհաճ տպավորությունը» մնացել է։

Տուն վերադառնալուց հետո նրանք որոշել են համացանցում փնտրել բլոգերին ու հասկանալ` ով է այդ առեղծվածային Լապշինը, որի պատճառով օդանավակայանում նման իրարանցում էր առաջացել։

Իսրայելն անօրինական չի համարում Արցախ այցելելը. Լապշինը` ադրբեջանական գործի մասին

«Նրանք հեշտությամբ գտել են իմ բլոգը, կարդացել ու հասկացել` ինչն ինչոց է: Այդպես մենք ծանոթացանք: Լապշովները հանդիպեցին Լապշինի հետ և լուսանկարվեցին որպես հիշողություն»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով: Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Նա 7 ամիս մնաց ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Հայաստանի ռեստորանները լավագույնն են ԱՊՀ–ում. Լապշինը գիտի` ինչպես գրավել զբոսաշրջիկներին

Բլոգերը` ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։ Ներկա պահին Լապշինի գործն ուսումնասիրում է ՄԻԵԴ–ը։