Կորոնավիրուսի ախտորոշման թեստերն արդեն Հայաստանում են. դրանք տրամադրել է ՌԴ-ն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հավաստիացնում են՝ մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի –Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերն արդեն Հայաստանում են, դրանք 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից՝ անվճար։ Տեղեկությունը facebook-յան իր էջում գրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Լիանա Եղիազարյանը:

Չինաստանում ՀՀ քաղաքացիներին «Ուրալ» ավիաընկերությունն արգելել է օգտվել չվերթից

«Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշերով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել»,-գրել է նա։

Եղազիարյանի խոսքով՝ մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։

Նշենք, որ փետրվարի 2-ի առավոտյան տվյալների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով արդեն 304 մարդ է մահացել, վարակվածների թիվը հասել է 13 846-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։