Չինաստանում ՀՀ քաղաքացիներին «Ուրալ» ավիաընկերությունն արգելել է օգտվել չվերթից

ԱԳՆ–ն հորդորում է Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ նախօրոք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթերը Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ` տեղեկությունը տրամադրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը։

Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրոք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկությունները։

Չինաստանից ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ղազախստան. ԱԳՆ

«Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են»,–ասված է հայտարարության մեջ:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։

Սահմանին բոլոր չինացիներին մեկուսացնելու կարիք կա՞. ԱՆ տեսչական մարմնի պատասխանը

Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին։

Նշենք, որ փետրվարի 2-ի առավոտյան տվյալների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով արդեն 304 մարդ է մահացել, վարակվածների թիվը հասել է 13 846-ի։

Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։