ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Կալինինգրադում Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը պարտության է մատնել ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net–ը, կիսամիջին քաշային կարգում Չուխաջյանը (16-1, 7 КО) նվաճել է WBA վարկածով միջազգային չեմպիոնական գոտի։ Նա մենամարտել է Սերգեյ Վորոբյովի հետ, որը մինչ այդ անպարտելի է եղել (9-1, 6 КО)։
Բռնցքամարտիկները 10 ռաունդ են անցկացրել։ Ժյուրին որոշում կայացնելիս միակարծիք չի եղել` 95-96 Վորոբյովի օգտին, 99-91 և 96-94` հօգուտ Չուխաջյանի։
Նշենք, որ Կարեն Չուխաջյանը երիտասարդների շրջանում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն է, ինչպես նաև WBC տիտղոսակիր։ WBA International–ը համալրեց 23-ամյա բռնցքամարտիկի տիտղոսները։
Հավելենք, որ Չուխաջյանը ծնվել է Կիևում, բռնցքամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ 2014 թվականին դարձել է Ուկրաինայի սպորտի վարպետ։ Չուխաջյանը WBO-ի միջին քաշային կարգի բռնցքամարտիկների թոփ 15–ում է ընդգրկված եղել։
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
AnalitikaUA.net–ը նաև նշում է, որ գերթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի Արտյոմ Դալլաքյանն էլ (19-0, 14 КО) իր հաջորդ մարտը կանցկացնի փետրվարի 8-ին Կիևում։ Դալլաքյանը կմենամարտի վենեսուելացի Խոսբեր Պերեսի հետ(17-2, 15 КО)։