Չինաստանից ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ղազախստան. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում վերջինիս հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik.ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Ուհան քաղաքից տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Ղազախստան։

Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

«Փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԳն խոսնակի` ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր հայրենակցի հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույցում նշել է, որ չինական կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում անհրաժեշտության դեպքում Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում արդեն հասել է 9.5 հազարի, 213 քաղաքացի մահացել է։ 102 427 մարդ այժմ գտնվում է հսկողության տակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակվելու դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։