Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի

Մինչ Հայաստանում ոմանք քննարկում են ներառական կրթության թերի կողմերը՝ այն որակելով հապճեպ ընդունած որոշում, 6- ամյա Ֆելիքսի համար դա նոր ընկերներ ունենալու լավագույն հնարավորություն է:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրու թիվ 23 դպրոցի առաջին դասարանում բոլորի կողքին հավասար պայմաններով անվասայլակին նստած Ֆելիքս Ավետիսյանն է սովորում։ Չնայած Ֆելիքսի ծնողների մտավախությանը, դասընկերները նրան շատ են սիրում, վիճում են, թե ով է այդ օրն օգնելու Ֆելիքսին` սայլակով ճաշարան գնալու։

Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի

Ֆելիքսին ու նրա ընտանիքին Sputnik Արմենիան անդրադարձել էր 2 տարի առաջ։ Այդ ժամանակ սոցիալական դժվարություններն ու Ֆելիքսի առողջականի հետ կապված խնդիրները գրեթե անիրական էին թողնում Ֆելիքսի՝ բոլորի նման քայլելու երազանքը: Տղան այսօր էլ չի քայլում, բայց նրա կյանքում շատ բան է փոխվել։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

2 տարի անց քաղաքային միջոցառումներից մեկի ժամանակ պատահական հանդիպեցի Ֆելիքսի ծնողներին: 

-Գիտե՞ս, Ֆելիքսս արդեն դպրոց է գնում ու շատ ընկերներ ունի,-ուրախ-ուրախ ասաց տղայի հայրը՝ Արտյոմը:

-Իսկ դժվարությունները շատ չե՞ն:

-Դրանց մասին չեմ ուզում խոսել, կարևորը՝ փոփոխությունն ակնհայտ է:

Համընդհանուր ներառումը Ֆելիքսին ավելի երջանիկ, իսկ վերականգնողական բուժումները՝ ավելի ակտիվ են դարձրել:

Նա մեկ տարի է ինչ այցելում է «Արմենակ և Աննա Թադևոսյանների»  բժշկական կենտրոն՝ պետությունը տարեկան երկու անգամ անվճար ուղղորդում է վերականգնողական կենտրոն: «Եթե ֆինանսները ներեն ու նաև լրացուցիչ վճարովի կուրս անցնենք, շատ ավելի լավ կլինի: Ընդամենը մեկ վերականգնողական կուրսից հետո 5 տարեկանում Ֆելիքսս առաջին անգամ իր ծննդյան տորթի մոմերը փչեց»,-պատմում է մայրը՝ Աննան:

Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի

Նշենք, որ Ֆելիքսի մոտ Մանկական ուղեղային կաթվածի ծանր դիսկինետիկ ախտորոշումն է՝  խոսքի ու մտավոր զարգացման հապաղում, երեխան ինքնուրույն չի կարողանում կանգնել, քայլել կամ նստել:

Նրան պարգևատրել են Ջոն Քենեդին ու Իրանի շահը․ ինչպես հաշմանդամ տղան փոխեց աշխարհը

Որդու շարժողական առաջին փոփոխությունն ուրախացնում է ծնողներին, բայց ավելի ուրախալի է վարքագծի փոփոխությունը, որը դպրոցի շնորհիվ է: «Ես սկզբում շատ էի վախենում, անհանգստանում էի, բայց արդյունքն ակնհայտ է։ Նստում է բոլոր դասերին, փորձում է խոսել ու հաշվել, իսկ իմ  համար ամենաուրախալին դասընկերների հետ շփումն է»,- պատմում  է մայրը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել Գյումրու թիվ 23 դպրոցի ղեկավարությանը, դասղեկին ու հատկապես դասընկերներին, որոնց շնորհիվ Ֆելիքսն հաճույքով է դպրոց հաճախում:

Մինչ խոսում էինք, Ֆելիքսը  դժվարությամբ փորձեց բացել օրագիրն ու ցույց տալ իր ստացած աստղիկները և դրան զուգահեռ հաշվել:

Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի

Ֆելիքսի Ավետիսյանի դասղեկին` Նատալյա Սաքուլյանին, դժվարությունները հաղթահարել օգնում է երեխաների հանդեպ մեծ սերը, իսկ Ֆելիքսն իր համար բոլոր երեխաների պես է, միայն մի փոքր ավելի շատ աշխատանք և ուշադրություն է պահանջում: «Դասընկերները շատ են սիրում Ֆելիքսին ու տխրում են, երբ նա բացակայում է: Ֆելիքսն էլ իր կողմից շատ է սիրում ու շատ է կապվել երեխաներին»,-պատմում է տիկին Սաքուլյանը:

12-ամյա հայուհին Ռուսաստանի ռեկորդ է սահմանել. նա ձայնի ամենամեծ դիապազոնով երեխան է

Ֆելիքսի դպրոց հաճախելը ոչ միայն Ֆելիքսի, այլ նաև դասընկերների վրա է դրական ազդել: Դասընկերուհու՝ Գոհարի մայրիկը վստահեցնում է`Ֆելիքսը երեխաներին ավելի բարի է դարձրել:

«Առաջին օրերին Գոհարիկի մոտ խղճահարություն կար, տանը լաց էր լինում՝  խոսելով Ֆելիքսի մասին, բայց այդ զգացողությունն օրեցօր փոխվեց: Երեխաները հիմա տարբերություն չեն դնում, ոչ մի խնդիր չունեն Ֆելիքսին հասկանալու հարցում, իսկ երբ Ֆելիքսը բացակայում է, ստիպում են մեզ զանգել ու պարզել ծնողներից՝ ինչո՞ւ դասի չի եկել»,-պատմում է Մարգարիտ Մանուկյանը:

Չնայած դժվարություններին Ֆելիքսի ծնողները միշտ փորձում են երեխային մասնակից դարձնել քաղաքային միջոցառումներին, նրան կինո, համերգ կամ թատրոն տանել: Ասում են՝ «ինչքան սեր տաս, այնքան էլ կստանանս: Պետք է միշտ կրկնել ՝ դու կարող ես»:  

Մանկական ուղեղային կաթվածը խարան չէ. փոքրիկ Ֆելիքսն արդեն դպրոց է գնում և ընկերներ ունի

Թեև Ֆելիքսի քայլելու երազանքը դեռ անկատար է, սակայն, հիմա արդեն իր հնարավորություններով նա հավասար է շատ հասակակիցներին: Նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին Արտյոմն ու Աննա խորհուրդ են տալիս չընկճվել, պայքարել ու առաջ գնալ` իրենց երեխաներին հետ չպահելով ոչ մի բանից: