Հանրապետության բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Ջերմաստիճանը նվազում է, ցիկլոնը` մոտենում. եղանակի տեսություն

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է և մառախուղ։ Ճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Դժվարանցանելի են նաև Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Տավուշում

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կուտակված են 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ: