ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ուկրաինայի Վիննիցայի մարզից Հայաստանի տարածք թռչնի և թռչնամսի ներմուծման արգելքը չի կարող հանգեցնել այդ մթերքի գնի բարձրացմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ուկրաինայից թռչնամսի և առհասարակ թռչնամթերքի ներմուծումը Հայաստան` Վիննիցայի մարզում տարածված թռչնագրիպի պատճառով։
«Հավի մսի հայկական շուկան ինքնաբավ է, մոտ 55%–ն ապահովում են տեղական արտադրողները, իսկ ուկրաինական արտադրանքի արգելքը լուրջ հետևանքներ ունենալ չի կարող», – կարծում է փորձագետը։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Հայաստանում 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում ներմուծվել է 665 հազար կգ հավի միս, որից 252 հազար կգ (շուրջ 37%) ուկրաինական արտադրության։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում ներմուծվել է 2,5 մլն կգ հավի մսի ենթամթերք, որից 1.2 մլն կգ–ը (շուրջ 45%)` Ուկրաինայից։
Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով
Միևնույն ժամանակ, 2019 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվել է 37,9 մլն կգ թռչնամիս։ Թռչնամթերքի ներմուծմամբ առաջատար հինգ երկրներն են` Ուկրաինա` 15 մլն կգ, ԱՄՆ` 9.5 մլն կգ, Բրազիլիա` 6.8 մլն կգ, Ռուսաստան` 4.8 մլն կգ։
Նշենք, որ Հայաստան Ուկրաինայից թռչնամսի ներմուծումն արգելելուց բացի, արգելված է նաև հումքի (փետուր, բմբուլ), սննդային և ինկուբացիոն ձվերի, մսաոսկրային ալյուրի, կերի, սննդային հավելումների, պոլիմերային և կարտոնե տուփերի ներմուծումը։