Նաիրի Հունանյանի` Նիկոլ Փաշինյանին գրած նամակն ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը և ուղարկել ԱԱԾ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը մակագրել է ՀՀ գլխավոր դատախազին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա հավելեց, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակը ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Հայաստանում ազատ կարձակեն ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկին

Հիշեցնենք, որ հունվարի 17–ի տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումըև գործի քննությանը մասնակցելու պատրաստակամություն  հայտնել՝ խոստանալով ջանք չխնայել ու աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։

Նշենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը վերաբերում է ահաբեկչության կազմակերպիչներին և հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004 թ. նոյեմբերի 11-ին: Որոշումը, սակայն, ամիսներ առաջ վերացվեց և ուղարկվեց ԱԱԾ՝ նոր քննություն սկսելու պահանջով:

Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Դատարանի որոշմամբ, Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։