Հայաստանում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է Տիգրան Հակոբյանի հայտարարությանը

Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական հեռուստադիտողներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի` հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու միտքը:

Դեսպանությունից հայտնում են, որ ուշադրություն են դարձրել Հակոբյանի այն դիրքորոշմանը, թե հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց թվում են նաև ռուսական հեռուստաալիքները, սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար։

ՀՌՀ–ն նոր մրցույթ կհայտարարի. մասնավոր հեռուստաընկերությունները կարող են զրկվել եթերից

«Զարմանքով նաև տեղեկացանք Հակոբյանի այն պնդմանը, թե նման մոտեցումը համաձայնեցվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ բավական վաղուց կայացած միակ զրույցի ժամանակ Հակոբյանի հնչեցրած միտքը, թե ուզում են ստեղծել «նվազագույն սոցիալական փաթեթ»` առանց արտասահմանյան հեռարձակողների, ընդունվել է ի գիտություն։  Ընդ որում` դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական հեռուստադիտողներն են»,–նշված է հայտարարության մեջ։

Դիվանագիտական առաքելությունից ընդգծում են, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության` երկու երկրների ռազմավարական, դաշնակցային, եղբայրական բնույթի մասին հարաբերությունների ֆոնին, ռուսական հեռուստաալիքներն «ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող» հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։

«Միստիկ երկիր Առան». ինչու է հետաձգվել Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Տիգրան Հակոբյանը հայտնել էր` Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ իր հայտարարությունը հակառուսական բովանդակություն ու ենթատեքստ չունի։