ՌԱԴԻՈ

Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հնչեցրած իր փաստարկներին, որին արձագանքել էր ԱԳՆ–ն։
Sputnik
Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»

Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ այն, ինչ ասել է՝ կապված հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների հետ, իրականություն է, և դա նոր չի քննարկվում։

«Իսկ մյուս երկու կետերի՝ ինտենսիֆիկացման ու լայն շրջանների մասին ասվածը կա նաև արտգործնախարարների ու համանախագահների հայտարարություններում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Շահնազարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: Նրա խոսքով` դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նշել էր, որ Շահնազարյանի արած վերլուծություններում որևէ աղերս չի տեսնում իրականության հետ

Շահնազարյանը տարակուսում է, թե ի՞նչ վերլուծությունների մասին է խոսքը, հերքում չկա:

Նա եռանախագահողների և արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ առանձնացնում է այն իրողությունը, որ կողմերը քննարկել են 2019թ.-ին ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցերը: Նա մեղադրում է ՀՀ ԱԳՆ-ին հանրությանը մոլորեցնելու համար:

«Շատ լավ հիշում եք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում էին ընդհանրապես բանակցություններ խոսքն օգտագործել՝ նշելով, որ տեղի են ունենում հանդիպումներ, տեսակետների փոխանակում: Ժնևյան հանդիպումներից հետո մեր արտգործնախարարը վերջապես արտասանեց բանակցություն խոսքը: Այժմ պարզվում է, որ մեր հասարակության այն հատվածը, որն իսկապես մտահոգված է այս ամենով, ուղղակի ցնցված է: Կրկնում եմ` եղել են համաձայնություններ և ոչ թե պայմանավորվածություններ: Ընդ որում՝ այս բառի թարգմանությունը մեր ԱԳՆ–ն միտումնավոր ճիշտ չէր ներկայացրել: Արդեն խոսվում է համաձայնությունների իրականացման մասին»,- ասաց քաղաքական գործիչը:

Շահնազարյանը նշում է նաև այն հանգամանքը, որ թեև Զոհրաբ Մնացականյանը բազմիս ասել է, որ մեզ համար կարևոր են բանակցությունների հարցում Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը, սակայն այս անգամ նշված արտահայտությունը չկար ժնևյան հայտարարության տեքստում:

Ադրբեջանը նահանջե՞լ է. ինչպես Երևանը և համանախագահները փրկեցին բանակցությունները