ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դրական առաջընթաց է համարում ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելը։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հիշեցնելով, որ սա անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է։
Հունվարի 24-ին հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ազատ արձակել 3 զինծառայողի սպանության համար դատապարտված Մանուկյանին։
«Ես ունեմ ներքին համոզմունք, որ մինչ հեղափոխությունը քաղաքական որոշում կար ցմահ ազատազրկվածներին ազատ արձակելու որոշում չկայացնել։ Այդ տեսանկյունից ես ողջունում եմ այս քայլը»,–ասաց նա։
Իշխանյանը բացարձակ անընդունելի է համարում, որ ցմահ դատապարտյալի վաղաժամ ազատման համար պետք է տուժողի իրավահաջորդների կարծիքը լսել։
«Դա ոչ միայն օրենքով ամրագրված չէ, այլև շատ սուբյեկտիվ և անընդունելի հարց է։ Բացի այդ, շատ հավանական է, որ դատապարտվածների հարազատները փորձեն կաշառել տուժողների հարազատներին, որպեսզի վերջիններս դրական համաձայնություն տան»,– ասաց նա։
Իշխանյանի խոսքով` ստացվում է, որ արդարադատությունը պետք է հույսը դնի մարդկանց ներման ցանկության վրա։
Նշենք, որ Աշոտ Մանուկյանի ազատ արձակման համար տուժողների իրավահաջորդները դրական համաձայնություն են տվել։
Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ
«Բացի տուժողների իրավահաջորդների ներումը, կան այլ փաստարկներ, որոնց շնորհիվ ազատ արձակվեց Աշոտ Մանուկյանը․ 2014 թվականի հոկտեմբերի 6-ից սկսած` Մանուկյանը չի ունեցել որևէ կարգապահական տույժ, հեղինակել է երկու գիրք, որից մեկը զղջման մասին, ստանում է բարձրագույն կրթություն»,–ասաց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։
Հիշեցնենք, որ 3 զինծառայողների սպանության համար Մանուկյանը դատապարտվել էր 24 տարի առաջ։ Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Նա գնդակահարության է դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 45 տարեկան է:
Դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ 2018 թվականի հոկտեմբերին ազատ էր արձակվել նաև ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը։
Նշենք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շուրջ 90 ցմահ դատապարտյալ կա։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սկզբին մեծ աղմուկ բարձրացավ համակուրսեցուն սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի շուրջ։ Տեղեկություններ տարածվեցին, թե նրան ազատ են արձակելու։ Սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները հարցազրույցներով ու հայտարարություններով վստահեցրին, որ իրենք չեն ներել Ենոքյանին։ Ցմահ ազատազրկման դատապարտվածը մինչև այսօր էլ ճաղերի հետևում է։
ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները