Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը:

11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ժնևում կայացած հանդիպումների արդյունքում նման հայտարարություն է տարածվել։

Հիշեցնենք` հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը. Երևանի և Բաքվի մեկնաբանությունները

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»,–ասված է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: